Վիրահայոց թեմի Սբ.Մովսես Խորենացի նախակրթարանում Ամանորյա հանդես էր, Ձմեռ պապի հետ հանդիպման ուրախություն և նվերների բերկրանք
2023 թվականի դեկտեմբերի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի Ամանորյա և Սուրբծննդյան տոնահանդեսը:
Դահլիճում հպարտորեն վեր էր խոյացել երեխաների ձեռքով պես-պես խաղալիքներով զարդարված տոնածառը: Իսկ կենտրոնում տեղեր էին զբաղեցրել սիրունատես փոքրիկները, որոնց համար ամանորյա այս հանդեսը նորություն էր և մեծ ուրախություն, հատկապես որ ուսուցիչների երևակայությամբ և ծնողների աջակցությամբ զուգված ու զարդարված էին անտառի բնակիչների, հեքիաթների հերոսների տեսքով:
Ոգևորված փոքրիկները սպասում էին Ձմեռ պապին, որը անպայման գալու էր, բայց միայն իրենց լավ ելույթներից հետո: Նրանք շատ էին պարապել, լավ էին պատրաստվել և ուզում էին, որ իրենց ուսուցիչները և դահլիճում ներկաները, և որ ամենակարևորն է, Ձմեռ պապը անպայման գոհ մնան:
Երեխաների ամանորյա հանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:
Տոնահանդեսը ողջույնի խոսքով և Ամանորյա ու Սուրբծննդյան բարեմաղթանքով բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և ասպարեզը տրամադրեց երեխաներին: Նրանք արտասանեցին, երգեցին ու պարեցին, ցուցադրելով Նոր տարվան և Սուրբ Ծննդին նվիրված այն ամենը, ինչը սովորեցրել էին հարգելի ուսուցիչներ Աիդա Բազոյանը, Տաթևիկ Սահակյանը և Նանե Օգանեսյանը:
Փոքրիկները ներկայացրին Բուրատինոյի հեքիաթներից, որը Եվգենյա Մարկոսյանը վարպետորեն հարմարեցրել էր ձմռան եղանակին, ամանորյա տոնահանդեսին և երեխաների ցանկություններին ու սպասումներին:
Իսկական հեքիաթային աշխարհ էր ստեղծվել դահլիճում: Իսկ երեխաները դարձել էին գեղեցիկ ձևավորված թատրոնի փոքրիկ դերասաններ, ներկայացնելով անտառ, ծառեր, հեքիաթի հերոսներին՝ չարաճճի Բուրատինոյին, Մարիշկային,Արլեկինոյին, Կարաբաս-Բարաբասին և մյուսներին: Գրավիչ էին երեխաների շարժումները, հերոսներին բնութագրող հագուստը, խոսքը և խաղը:
Եվ վերջապես եկավ Ձմեռ պապը՝ նվերների ծանր տոպրակով: Գովասանքի խոսքեր ուղղելով նախակրթարանի սաներին՝ խելոք լինելու, լավ սովորելու, տոնահանդեսին գեղեցիկ ելույթ ունենալու համար, Ձմեռ պապը բոլորին բաժանեց Ամանորյա նվերներ՝ շնորհավորանքի և ցանկությունների մաղթանքներով: Ամեն անգամ նորովի ճանապարհելով անցնող տարին՝ Վիրահայոց թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի տոնահանդեսը այս տարի ևս տպավորիչ էր և հիշարժան: