Տարեմուտի Սբ. Պատարագ և Նռօրհնեքի կարգ Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հայոց եկեղեցիներում
2023 թվականի դեկտեմբերի 31-ը նախատոնական էր: Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագ:
Թբիլիսիի առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցում, թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ Սբ. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմածնից ժամանած արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պետրոսյանը:
Հավարտ Սբ. Պատարագի Թեմակալ առաջնորդը դիմեց ներկաներին ամանորյա շնորհավորանքով և մաղթեց համայն աշխարհին և բոլոր ժողովուրդներին խաղաղություն և առողջություն:
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում խորհրդանշական մի կարգ է կատարվում՝ նռնօրհնեք: Կարգը սահմանել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ 2015 թվականին: Նուռը խորհրդանշում է տարին և նրա յուրաքանչյուր օրը: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը:
Տարեմուտի օրը Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի կարգ:
Թբիլիսիի Հայոց եկեղեցիներում հավատացյալները երեկոյան ժամերգության էին գալիս նռներով զարդարված գեղեցիկ զամբյուղներով և սկուտեղներով:
Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի գլխավորությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ և հավատացյալ հոտի ներկայությամբ տեղի ունեցավ Ժամերգություն և Գոհաբանական մաղթանք: Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ օրհնվեց նուռը, որպես ազգային խորհրդանիշ, որը ներառնում է նաև տարվա բոլոր օրերը և տարբեր ազգի և դավանանքի ժողովուրդներին:
Իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան ժամերգության վերջում, արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը փոխանցեց թեմակալ առաջնորդի օրհնությունը և խոսեց նռնօրհնեքի խորհրդի մասին, հորդորեց՝ Ամանորի շեմին մեր եկեղեցու պատգամով գալիք տարվա յուրաքանչյուր օրը ապրել Աստծո օրհնության ներքո, Աստծո պատվիրանների համաձայն:
Երկու եկեղեցիներում ներկաներին բաժանվեց օրհնված նուռը:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում բարերարությամբ Արմեն Պետրոսյանի, Կարեն Սարգսյանի, Ռոլանդ Սահակյանի, Ալլա Չոբանյանի, Արմեն Դեգոյանի,Արթուր Դերզյանի, ինչպես նաև եկեղեցու նվիրյալ ընտանիքի զավակներ Քրիստինե և Ժաննա Հարությունովա քույրերի օժանդակությամբ եկեղեցու 40 ընտանիքների բաժանվեցին ամանորյա փաթեթներ:
Գոհաբանական աղոթքով և նռնօրհնեքի կարգով Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում ավարտվեց 2023 տարին: