Материалы

Ճրագալույցի Սուբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում

2024 թվականի հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության  նախատոնակին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Բազմամարդ էին Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սբ. Էջմիածին,  Բաթումիի Սբ. Փրկիչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սբ. Խաչ, Նինոծմինդայի Սբ. Սարգիս, ինչպես նաև տարբեր շրջաններում   ու գյուղերում գործող   հայոց եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ամենուրեք եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո ընթերցվեցին հատվածներ Սուրբ Գրքից, որից հետո արժանապատիվ քահանաների ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

Թբիլիսիի  Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Ճրագալույցի Սբ. Պատարագն ընթացավ  Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ: Տոնական Սուրբ Պատարագին  ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Կախա Լաբուչիձեն, Թբիլիսիի Սակրեբուլոյի (Ավագանու) նախագահ  Գիորգի Տղեմալաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հասարակայնության անդամներ:

2

Հընթացս Ս. Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ  Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանն իր քարոզում անդրադարձ կատարեց Ս. Ծննդյան խորհրդին և ասելով, որ Քրիստոսի աշխարհ գալը մարդկությանը տրված մեծագույն պարգևն էր, Աստուծու որդին մարդացավ ու հեզությամբ  ծնվեց  մսուրի  մեջ, որպես խոնարհության օրինակ: Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը երկնքից երկիր իջավ, աշխարհ եկավ լուսավորելու  խավարը և սիրո, լույսի ու փրկության սերմեր ցանելու մարդկության սրտերում:  

Հավարտ Ս. Պատարագի Գրշ. Տեր Կիրակոս  եպիսկոպոսը վառեց կենսատու մոմը, որը  խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը:  Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով  իրենց հետ տուն տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:

Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի Թեմակալ առաջնորդի  նստավայր, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ:

Սբ. Ծննդյան տոնը սկսվեց հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում է կեսգիշերից հետո:

416030937

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են