Վիրահայոց թեմի եկեղեցիներում տարածվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը և կատարվեց Ջրօրհնեքի կարգ
2024 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը: Առաջին տաղավար տոնը Սուրբ և Անմահ Պատարագով նշվեց նաև Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում:
Վաղ առավոտից հավատացյալները ընտանիքներով, տոնական բարձր տրամադրությամբ շտապում էին Հայոց Եկեղեցի՝ ներկա գտնվելու Սուրբ Ծննդյան Սբ. Պատարագին:
Տոնական տրամադրություն էր տիրում հավատացյալներով հոծ Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:
Վիրահայ հավատացյալներին Սրբազան տոնը շնորհավորելու էին եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, մարտավարական հետազոտության, վերլուծության և տարածաշրջանային ծառայության պետ Նինո Ճավճավաձեն, իրավական ապահովության ծառայության պետ Դավիթ Դավիթաշվիլին, «Վրաստան« թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, իրավաբան և իրավագետ Կարեն Եղիազարյանը, ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Իզաբելլա Օսիպովան, Համայնքային զարգացման հիմնադրամի նախագահ Մարի Միքոյանը, ՀՀ դեսպանության աշխատակազմը, պետական, հասարակական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հավատացյալներ:
Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածահայտնության ավետիսը:
Թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և շնորհակալության խոսքեր ուղղեց վրաց պետության և կառավարության ներկայացուցիչներին՝ ներկայության համար: Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը արժևորեց նույն կրոնի և մշակույթի կրող հավատակից ժողովուրդների հազարամյա եղբայրական հարաբերությունները, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությունը: Պատարագիչ Սրբազանը Վրաց Ուղղափառ Եկեղեցուն և վրացի բարձրաստիճան հյուրերին շնորհավորեց գալիք Սուրբ Ծննդյան տոնը:
Ներկաներին շնորհավորանքի խոսքով դիմեց և Վրաստանի վարչապետի և կառավարության անունից շնորհավորանքները փոխանցեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն:
Սբ. Պատարագի վերջում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն:
Վիրահայոց թեմի հավատացյալներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ շնորհավորանքներ էին հղել Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու կաթողիկոս Պատրիաք Իլիա Երկրորդը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
2024 թվականին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Խաչի կնքահայր դարձան հավատավոր քրիստոնյաներ Սամվել Պողոսյանը, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ Վաչագան Հակոբյանը:
Սուրբծննդյան տոնը հավուր պատշաճի նշվեց նաև Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սբ. Խաչ, , Նինոծմինդայի Սբ. Սարգիս և մյուս տարածաշրջանների տարբեր գյուղերի գործող եկեղեցիներում:
Տոնական տրամադրությամբ և սուրբ մյուռոնով օրհնված ջրով ներկաները վերադարձան իրենց տները: