Материалы

Թբիլիսիում Սուրբ Սարգսի տոնը մեկնարկեց խաչի թափորով

Վիրահայոց թեմում միշտ էլ մեծ ոգևորությամբ և սիրով է նշվում Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, 2024 թվականին  այն նշվեց հունվարի 27-ին, իսկ ոգևորությունը նկատելի էր արդեն նախատոնակի ժամանակ: Սբ. Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը հարյուրավոր ոչ միայն հայ, այլև այլազգի երիտասարդների համախմբում է Հայոց եկեղեցու շուրջ:

Թբիլիսահայ հավատացյալները Սուրբ Սարգսի տոնը ավանդաբար նշում են Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց:

Տոնի նախօրեին,  հունվարի 26-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների բազմամարդ թափորը արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի  առաջնորդությամբ, հոգևորաց  դասի օրհնությամբ և սարկավագաց դասի ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, շարականներ երգելով և աղոթքով ուղղվեց Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռ: Քայլերթի մասնակիցները կանգ առան և աղոթք բարձրացրին Շամխորեցոց Կարմիր Ավետարան խոնարհված եկեղեցու փլատակների մոտ:

421855361

Հասնելով Սբ. Սարգիս մատուռը, թափորի մասնակիցները ուխտի կատարման աղերսով  մոմեր վառեցին և աղոթք արեցին Սրբին: Իսկ դրսում՝ հոգևորականների մասնակցությամբ հնչեցին  հոգևոր երգեր, որոնց ձայնակցում էին քայլերթի մասնակիցները: Իրենց ուխտը կատարելուց հետո, ուխտավորները հասան Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացան այնտեղ գտնվող հարյուրավոր  հավատացյալներին, որոնց մեծամասնությունը երիտասարդներ էին:

Բազմամարդ էր Սուրբ Գևորգ եկեղեցին և բակը: Նախատոնակ երեկոյան ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ:

Սրբազան հայրը,  իր օրհնությունը հղելով ներկաներին, քարոզ խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների՝ հանուն քրիստոնեության նահատակության մասին: Կիրակոս եպիսկոպոսը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս.Սարգիս զորավարի տոնը երիտասարդների օրհնության օր հռչակելուն, կատարեց երիտասարդության օրհնության կարգ և մաղթեց նրանց նպատակների իրականացում:

420102

Սուրբ Սարգսի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորություներով: Թեմի երիտասարդաց բաժնի նախաձեռնությամբ  պատրաստվեցին ավանդական աղի բլիթները, իսկ «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի աշխատակիցները չմոռացան քաղցր փոխինդով և բուրումնավետ խաշիլով հաջորդ օրվա  հյուրասիրության մասին:

Սուրբ Սարգիսը նաև Սիրո բարեխոսն է: Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին, նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացան աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց ընտրյալի երազահայտնությունը:

Հունվարի 27-ին, Սբ. Սարգսի տոնի օրը, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց  արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:

Վիրահայոց թեմը շնորհակալություն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ Թբիլիսիում հավատացյալների խաչերթին ուղեկցելու և երթևեկային ճանապարհով խաղաղ ընթացքն ապահովելու համար:

4219205

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են