Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների օրը
Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյանզ քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Տոնը կոչվում է Ղևոնդյանց՝ ի պատիվ Ղևոնդ Երեցի, ով տարիքով ամենամեծն էր: Տոնը շարժական է: 2024 թվականին այն նշվեց փետրվարի 6-ին:
Ղևոնդյանց քաhանայից տոնը Վիրաhայոց թեմում նշանավորվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ կայացած Սուրբ Պատարագով: Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը: Տոնական Սբ. Պատարագը յուրահատուկ էր, քանզի Սուրբ խորանից այն սպասավորում էին Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների թեմապատկան հայոց եկեղեցիներում ծառայող քահանաները:
Սուրբ Պատարագին ներկա էին Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը և Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցիխեի ու Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը, հայրական օրհնությամբ շնորհավորեց բոլոր քահանաներին և փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հատուկ Կոնդակով արժանապատիվ քահանաներ Տեր Հովսեփ Հարությունյանին և Տեր Ղևոնդ Թազայանին քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացնելու , և առաջնորդական տնօրինությամբ հգշ. Տեր Հակոբ աբեղա Սահակյանին Վիրահայոց թեմի տարածքում լանջախաչ կրելու իրավունք շնորհելու մասին:
Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը շնորհավորելով Սուրբ Ղևոնդյան տոնի կապակցությամբ, քահանայից դասին բարեմաղթեց անսասան ծառայություն՝ ի փառս Աստծո և ի շինություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: