«Բարի սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները թբիլիսահայ երեխաներին
2024 թվականի փետրվարի 10-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին իր գիրկում ընդունեց թբիլիսաբնակ հայ երեխաներին, ովքեր ներկայացնում էին Թբիլիսիի թիվ 103 վրաց-հայկական հանրային դպրոցը (տնօրեն՝ Արչիլ Չխաիձե, ուսմասվար Հասմիկ Պապիկյան), «Ջեյրան» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյան), «Անի» պարային համույթը (գեղ. ղեկավար Անգելինա Նազարյան-Քոչյան) և Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Արթուր Միրզոյան):
Կայացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիպումը դեռահասների, նրանց ուսուցիչների, ծնողների և կազմակերպության ղեկավարների հետ: Թեմակալ առաջնորդը իր օրհնությունը բաշխելով ներկաներին, խոսեց քրիստոնեական հավատքի մասին, կարևորեց մերձավորին սիրելու, միմյանց օգնելու և բարություն տարածելու գեղեցիկ հատկությունները, որ պետք է ունենա և իր մեջ զարգացնի նրանցից յուրաքանչյուրը:
Գրշ. Տեր Կիրակոսը նաև անդրադարձ կատարեց տարիներ շարունակ իրենց հասակակիցներին Սուրբծննդյան նվերներով ուրախացնելու «Բարի սամարացու քսակ» քրիաստոնեական կազմակերպության գեղեցիկ ավանդույթին և հորդորեց ներկաներին կողքինի նկատմամբ ցուցաբերած ուշադրությամբ, հարգանքով և սիրով նույնպես դառնան այս գեղեցիկ ավանդույթի շարունակողներ:
Վիրահայոց թեմի առաջնորդը բոլոր դեռահասներին բաժանեց քրիստոնեության մասին նկարազարդ գրքեր և «Բարի սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական ընկերության Սուրբծննդյան նվերները: