Բուն բարեկենդանը Թբիլիսիում նշվեց Հարիսայի փառատոնով
2024 թվականի փետրվարի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվեց Բուն Բարեկենդանը: Տոնական օրը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագիչն էր արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:
Այս տոնին էր նվիրված հարիսայի փառատոնը, որը Վիիրահայոց թեմի առաջնորդարանի, «Հայարտուն» ու «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնների աջակցությամբ, 2012 թվականից սկսած անընդմեջ կազմակերպում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ այս տոնահանդեսին մասնակից էին դարձել, Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցասեր կանանց խումբը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության և Վրաստանի հայ համայնք կազմակերպության անդամները:
Տոնահանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, տարբեր կառույցների ղեկավարներ, օտարազգի հյուրեր և հոծ հասարակություն:
Թեմի «Հայարտուն» կենտրոնում սեղանների վրա շարված շուրջ երեք տասնյակ կաթսաներից տարածվում էր յուղալի և համեղ հարիսայի բույրը՝ ներդաշնակված տարբեր թթվեղենով և այլ ուտեստներով:
Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նա կարևորեց միջոցառման նպատակը՝ Մեծ Պահքի նախօրեին նշվող ավանդական հարիսայի փառատոնով պահպանել և սերունդներին փոխանցել ազգային այս կերակրատեսակը, ժողովրդական ավանդույթները և սովորությունները: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների խաչքավորներ Սամվել Պողոսյանին և Վաչագան Հակոբյանին, Թբիլիսիի «Արմենիա» խանութի տնօրեն Էդուարդ Մուրադյանին և բազում հավատացյալների, ում աջակցությամբ և հովանավորությամբ ապահովվեց հարիսայի փառատոնի իրականացումը:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը շնորհավորեց ներկաներին Բուն Բարեկենդանի կապակցությամբ և մաղթեց ամուր կամքով և անսասան հավատքով անցնել Մեծ Պահքի ժամանակաշրջանն ու դիմավորել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Օրհնվեցին սեղանները ու սկսվեց հարիսայի հյուրասիրությունը ուրախ երգ-երաժշտության ուղեկցությամբ, ներկաների մասնակցությամբ պարերով և հայկական շուրջպարով: Բուն բարեկենդանի և հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը երկար ժամանակ թևածում էր շուրջբոլորը: Օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին: