Թբիլիսիում ոգեկոչեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
2024 թվականի փետրվարի 25-ին Թբիլիսիում, Վիրահայոց թեմի և «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության համատեղ միջոցառումներով, ոգեկոչեցին Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:
Օրվա մեկնարկ դարձավ Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանի առաջնորդությամբ, Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներով պարուրված թբիլիսահայ երիտասարդների քայլերթ դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միանալը Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ ընթացող կիրակնօրյա Սուրբ Պատարագին:
Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, դեսպանության դիվանագետներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության անդամներ:
Ներկաներին ուղղված իր քարոզչությունում Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, զուգահեռ անցկացնելով Մեծ Պահքի Անառակի կիրակիի խորհրդին, հայ ազգաբնակչությանը հորդորեց սթափվել անգործության նիրհից և հայրենիքի սահմանները անխախտելի, պետականությունը անսասան, մայրենի լեզուն, ազգային արժեքները անաղարտ պահել:
Հավարտ Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ, հոգևորաց և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայազգի բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հոգու խաղաղության համար:
Ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, որին ներկա էին արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետներ Ավետիք Հարությունյանը և Դավիթ Տեր Մկրտչյանը, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի բացման խոսքը հայ ազգին իր ողջ պատմության ընթացքում ուղեկցող ցեղասպանության արձանագրությունն էր, որին 20-րդ դարի վերջին ավելացավ Սումգայիթյան ոճրագործությունը, քանզի սաստիկ դաժանություններով նահատակված հարյուրավոր մարդկանց «մեղքը» միայն և միայն հայ լինելն էր:
Մահասարսուռ վավերագրություններով Սումգայիթյան դեպքերը ներկայացնող ֆիլմին լրացնելու եկավ Բաքվի նախկին բնակիչ Արսեն Մալխասյանը: Նա դրվագներ պատմեց այդ օրերին նաև Բաքվում կատարվող իր և իրեն ծանոթ ընտանիքների ճակատագրի մասին:
Փետրվարի 25-ը Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն էր: Ուշագրավ էր պատմաբան Ենոք Թադևոսյանի անդրադարձը Անդրանիկ փաշայի կերպարի նկարագրությանը և հույսը, որ հաջորդ տարի՝ Ազգային հերոսի ծննդյան 160-ամյակը կնշվի և՛ մայր հայրենիքում, և՛ սփյուռքահայության շրջանում՝ հավուր պատշաճի:
Միջոցառումը միասնության կոչով ամփոփեց արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, ում խոսքը Աստծուն ու Եկեղեցուն մոտ լինելու, չարին, անարդարությանը միասնությամբ և համախմբվածությամբ դիմակայելու հորդոր էր ներկաներին: