Վիրահայոց թեմում նշվեց Միջինքը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքի շրջանն է: 2024 թվականի մարտի 6-ին Պահքը կիսվեց, քանզի 24-րդ օրն էր: Այն կոչվում է Միջինք: Եկեղեցական այս տոնը ուղեկցվում է ժողովրդական սովորություններով ու ավանդույթներով, օրինակ, գաթա կամ բաղարջ թխելով: Արժանապատիվ հոգևոր հայրերի գլխավորությամբ Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի էին պատրաստվել տոնին՝ եկեղեցական տոնակատարությանը զուգակցելով ժողովրդական հանդիսությունը:
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվեց «Հանգստյան» ժամերգություն, որից հետո օրհնվեցին անուշահամ գաթաները և բաժանվեցին հավատացյալներին: Նրանցից ոմանց ընկան եկեղեցու խաչի քավորների կողմից պատրաստված անակնկալները՝ օրհնված խաչերը:
Միջինքի օրը առանձնահատուկ շքեղությամբ և գաթայի փառատոնով նշվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում: Հայոց եկեղեցիների բակերում և շրջակա տարածքներում համերգային մասի ավարտից հետո կատարվեց եկեղեցասեր տիկնանց պատրաստած գաթաների օրհնության կարգ: Ներկայացրած գաթաները բոլորին զարմացրին իրենց գեղեցկությամբ և բուրումնավետ համով:
Միջինքը նշվեց նաև Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում: Տոնակատարությանը մասնակցեցին Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի գեղարվեստական խմբերը՝ իրենց երգուպարով ուրախացնելով ներկաներին: Այստեղ ևս հայկական գաթան բաժանվեց հավատավոր ժողովրդին:
Հիրավի տոնական օրը դարձավ հավատքով և աղոթքով Պահքի երկրորդ կեսը անցնելու և քրիստոնական սիրով Սուրբ Զատիկը դիմավորելու գրավական: