Թերթելով հայ-վրացական բարեկամության էջերը՝ «Վրաստանը և Հովհաննես Թումանյանը»
2024 թվականի մարտի 16-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ գրական-գեղարվեստական միջոցառում՝ «Հովհ. Թումանյանը և Վրաստանը» խորագրով: Միջոցառմանը ներկա էին վրացի գրողներ, բանաստեղծներ, հայագետներ, թարգմանիչներ, ուսուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հայ և վրացի ուսանողներ, դպրոցականներ, վիրահայ մտավորականներ, հայ-վրացական բարեկամության ջատագովներ: Օրը խորհրդանշական էր, հագեցած երկու քրիստոնյա ազգերի՝ հայերի և վրացիների բարեկամության ներշնչանքով:
Գրական-գեղարվեստական միջոցառումը, որն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և կենտրոնի աշխատակիցներ Գոհար Մազմանյանի և Էդիտա Զոհրաբյանի նախաձեռնությամբ, հետամուտ էր հայ-վրացական դարավոր բարեկամության այն էջի վերհանմանը, որն արձանագրվել է Հովհաննես Թումանյանի դեպի Վրաստանը և վրաց ժողովուրդն ունեցած ջերմ բարեկամությամբ և եղբայրական սիրով:
Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:
Տարբեր էին բանախոսությունները, որոնցով հանդես եկան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Նիկո Ջավախիշվիլին, էքսկուրսավար Գոհար Մազմանյանը, Ուսուցչի տան աշխատակցուհի Կարինե Մանուկյանը, հայագետ Նաթիա Չանթլաձեն: Բոլոր ելույթները տոգորված էին ժողովրդական մեծ բանաստեղծի և հայ-վրացական հարաբերությունների արժևորմանը՝ Ներսիսյան հոգևոր դպրոցում Թումանյանի սովորելու ժամանակաշրջանին, հայ և վրացի ստեղծագործողներից կատարված թարգմանություններին, 1918 թվականին Թբիլիսիի պետական համալսարանի բացման տարիներին Հովհաննես Թումանյանի ներդրած ավանդին, այսօր էլ արդիական Սայաթնովյան «Վարդատոնին», և նման միջոցառումների կազմակերպման, վրացի ու հայ երիտասարդությանը ժողովուրդների բարեկամությանը հաղորդակից դարձնելու անհրաժեշտությանը:
Միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով: Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» լեգենդի վրացերեն ասմունքը Նատալյա Միրզոյանի, ինչպես նաև Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարումը Աիդա Բազոյան-Սուրմալյանի և Արման Պապիկյանի կողմից արժանացան ներկաների ջերմ արձագանքին: