Ծաղկազարդի տոնը Վիրահայոց թեմում
2024 թվականի մարտի 24-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, եկեղեցիներում կատարվեց նախատոնակ, բացվեցին խորանի վարագույրները:
Առավոտվանից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակը և շուրջբոլորը: Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը:
Եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին: Հավատացյալներին հիշեցնելով Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին կրած չարչարանքները, Թեմակալ առաջնորդը հորդորեց նրանց շարունակել ապրել ծաղկազարդի օրվա տոնական տրամադրությամբ, սիրով, ջերմությամբ ու հավատքով, պարզ նայել ապագային, հավատարիմ մնալ հայրենիքին, վանել վախը, անտարբերությունը, միայնակությունը, դավաճանությունը և ապրել հավատքին նվիրվածությամբ, դեպի ապագան Քրիստոսով, քանզի Մեր Փրկիչը ամենուրեք մեր հոգիներում է իր սիրով և զորությամբ:
Եկեղեցու խորանը զարդարված էր ուռենու և արմավենու ոստերով, որոնք խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը:
Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվեց մանուկների օրհնության օր:
Առանձնահատուկ շատ էին երեխաները` մանուկներ և դպրոցահասակներ, որոնք եկել էին ներկա գտնվելու ծիսական արարողությանը և ստանալու Բարձրյալի օրհնությունը: Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցիներում քահանա հայրերի կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Ծաղկազարդի օրը մարդաշատ էր Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցին: Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից մատուցված Սուրբ և Անմահ Պատարագից հետո օրհնվեցին Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի սաները և բաթումաբնակ երեխաները:
Ծաղկազարդի տոնը Սուրբ Պատարագով և մանուկների օրհնությամբ նշվեց նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում: Թեմի հոգևոր հովիվները այցելեցին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի, Մառնեուլիի, Բոլնիսիի, Թեթրիծղարոյի շրջանների հայաբնակ գյուղեր և տեղերում կատարեցին անդաստան, օրհնեցին օրվա խորհրդանիշ ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև տեղաբնակ երեխաներին:
Եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռնբացեքի կարգ և բացվեցին եկեղեցիների վարագույրները: