Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում բարձրացվեց միասնական աղոթք՝ Խոկում
2024 թվականի մարտի 25-ին, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Խոկում:
Վիրահայոց թեմի բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի նախաձեռնությամբ, Ավագ շաբաթվա առաջին օրը նշանավորվեց միասնական աղոթքով՝ Խոկումով:
Ներկա հավատացյալներն ունկնդիրը դարձան քահանաների, սարկավագների և դպիրների կողմից սաղմոսների և աղոթքների ընթերցանությանը:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի խոսքը խորհրդածության առիթ ընձեռեց: Վերջինս անդրադարձ կատարելով Հիսուս Քրիստոսի Ավագ շաբաթվա օրերին կրած տանջանքներին ու չարչարանքներին, հորդորեց ներկաներին՝ հավատարիմ մնալ մեր Աստծուն, Հիսուս Քրիստոսի պատվիրաններին, սիրել մեկս մյուսին, նվիրվել մեր հայրենիքին, սիրել մեր ազգը և ապրել մեր հավատքով:
Հավատացյալները ծնկաչոք խորհրդածում էին՝ խոկում քար լռության մեջ Սրբազան Հոր խոսքերի շուրջ, և յուրաքանչյուրը մտովի աղոթք էր բարձրացնում առ Աստված, հայցելով երկրներին խաղաղություն և մարդկանց՝ արևշատ օրեր:
Խոկումը գեղեցկացավ երգչախմբի հոգեթով երգեցողությամբ և ավարտվեց հոգևոր դասի մաղթանք-աղոթքով։