Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում
2024 թվականի մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Այն Վիրահայոց թեմում՝ Թբիլիսիի, Բաթումիի, Սամցխե-Ջավախքի, Մառնեուլիի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում ու գյուղերում գործող եկեղեցիներում նշվեց հավուր պատշաճի՝ Հայոց Եկեղեցու կանոններով, հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ, սրբազան արարողություններով և տոնական բարձր տրամադրությամբ:
Հավատացյալներով լեփ-լեցուն էր Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին, բակը և մերձակա տարածքը: Չէր դադարում մարդկանց հոսքը եկեղեցի: Եկեղեցում առավոտյան կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սոզար Սուբարին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, գործակալության վերլուծաբան Զվիադ Տղաբլաձեն, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ Կոբա Չոպլիանին, Բելլա Օսիպովան, Վրաստանում ՀՀ դեսպանության փոխդեսպան Դավիթ Ջանազյանը, հյուպատոս Եվա Ահարոնյանը, դիվանագետներ Ավետիք Հարությունյանը, Հրանտ Ոսկանյանը, Վրաստանում Դանիայի թագավորության դեսպանության խորհրդական Աննա Սարգսյանը, IRI-Վրաստան միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչ Նաթիա Կացիաշվիլին, «Վրաստան» թեթրի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ:
Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ Սրբազան Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Զատկական պատգամը:
Հավատացյալներին ուղղված իր խոսքում, Թեմակալ առաջնորդը ներկաներին հորդորեց չընկճվել և չհուսահատվել Մայր հայրենիքում տիրող դժվար իրավիճակի, ահազանգող սպառնալիքների պատճառով: Մեր ժողովուրդը պատմականորեն հաճախ է անցել պայքարի ճանապարհներով, դիմակայել տարբեր արհավիրքների: Ուստի այժմ էլ ապավինելով իմաստությանը, հայրենասիրական մեծ պաթոսով նվիրվել հայրենիքի պաշտպանությանը, պետականության ամրապնդմանը, Հայոց Եկեղեցու հզորացմանը: Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը շնորհավորեց հավատացյալներին Սբ. Զատիկը՝ որպես չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակի տոն:
Վիրահայությանը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ շնորհավորանքներ էին հղել պետական և հասարակական գործիչները, երկրի բազմաթիվ քաղաքացիներ: Հայոց Եկեղեցու տոնական արարողությունը լուսաբանվեց Վրաստանի զանգվածային լրատվության տարբեր միջոցներով: