«Փոքր քայլ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհանդեսը և Վիրահայոց թեմի «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի համերգը
2024 թվականի ապրիլի 13-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում հյուրընկալվեցին ՀՀ Էջմիածին քաղաքից ժամանած «Փոքր քայլ» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչները: Այցի նպատակն էր շնորհանդեսի միջոցով վրաց երաժշտական կազմակերպություններին իրազեկել ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ Էջմածին քաղաքում կայանալիք երաժշտական փառատոնի մասին: Շնորհանդեսին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Դավիթ Տեր-Մկրտչյանը:
Փառատոնի համահիմնադիրներ Արտյոմ Հարությունյանը, Արթուր Գազարյանը և Վարդան Թորոսյանը մանրամասն ներկայացրին փառատոնի նպատակը, մասնակցության պայմանները և Վրաստանի երաժշտական մշակույթը Հայաստանում ներկայացնելու բարի կամքը: Ըստ համահիմնադիրների և կազմակերպչական խմբի անդամների, փառատոնը անց է կացվում արդեն երկրորդ տարին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ: Արդեն մասնակցության հայտ են ներկայացրել հազար 800-ից ավելի ցանկացողներ:Հյուրերը իրենց շնորհակալությունը հայտնեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պ-ն Աշոտ Սմբատյանին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանին և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանին աջակցության և հյուրընկալության համար:
Շնորհանդեսին ներկա Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 երաժշտական դպրոցից Աննա Տաբատաձեն, Ալոյե Միզանդարիի անվան թիվ 1 դպրոցից Թինաթին Ցագարելին, Եվգենի Միքելաձեի անվան կենտրոնական երաժշտական կազմակերպությունից Գիորգի Կորձաձեն և մյուսները, անդրադարձ կատարելով տարիներ առաջ հայ-վրացական երաժշտական բնագավառների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը, արժևորեցին նման միջոցառումները վերստին կյանքի կոչելու անհրաժեշտությունը և բարձրաձայնեցին իրենց պատրաստակամությունը այդ հարաբերություններին մասնակից դառնալու, զարգացմանը և խորացմանը օժանդակելու մասին:
Շնորհանդեսը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի գողտրիկ համերգով, որը իր գեղեցիկ, բազմալեզու և կատարողական բարձր մակարդակով արժանացավ ներկաների բուռն ծափահարություններին և ընդունելությանը: Հիշեցնենք, որ գնահատելի էին համույթի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Ասատուրովի աշխատանքը, մենակատարներ Լիզա Ակոպովայի, Սոֆյա Օգանեզյանի, տարբեր նվագարանների վրա Կարո Սամվելյանի, Արման Պապիկյանի, Ալեքս և Անրի Ակոպյանների կատարումները: