Материалы

Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում նշվեց «Դեդաէնայի» օրը

Ապրիլի 14-ը Վրաստանում հայտարարված է «Դեդաէնայի» (Մայրենի լեզվի) օր: Ի նշանավորումն տոնական օրվան, Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, կայացավ գրական-երաժշտական միջոցառում, որին մասնակցում էին թիվ 103 վրաց-հայկական հանրային դպրոցի (տնօրեն Արչիլ Չխաիձե) դպրոցականները ուսուցչուհիներ  Գայանե Պետրոսյանի, Նինո Կոբախիձեի և Նինո Յակոբիձեի առաջնորդությամբ, թիվ 104 հանրային հայոց դպրոցի (տնօրեն՝ Իրինա Ժամկոչյան) աշակերտները Մարիետտա Շահդինարյանի ուղեկցությամբ, ուսանողներ, դասախոսներ, հայ և վրացի հասարակայնության անդամներ:

Կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մազմանյանը,  անդրադարձ կատարելով վրաց ժողովրդի դարավոր պատմությանը, ազգի ինքնության պահպանության գործում լեզվի դերակատարությանը, հիշատակեց ազգի այրերի գնահատականը, ըստ որի  պետական լեզուն  երկրի  արժանապատվության չափորոշիչն  է:

Վրացերենի՝ որպես Վրաստանի պետական լեզվի հռչակման պատմությանը և «Դեդաէնայի» օրվա տոնակատարությանը անդրադարձ կատարեց «Վրաստանի հայ համայնք» հասարկական կազմակերպության անդամ Միա Դարսանիան:

Հազարամյակների պատմություն ունեցող վրաց լեզվի` որպես ազգայինի հարատևության,  անկրկնելիության, յուրահատուկ տառային գրության ու այբուբենի պահպանության երաշխավորի, հայ-վրացական դարավոր անքակտելի բարեկամության, վիրահայության, ի մասնավորի երիտասարդության վրաց քաղաքացիական հասարակությանը ինտեգրման առաջընթացի մասին խոսեցին Վրաստանի ռադիոհաղորդումների ձայնադարանի ոսկե ֆոնդի ներկայացուցիչ, բանաստեղծ Լիլի Գոգեբաշվիլին, հայագետ,  բանասիրական գիտությունների դոկտոր,  ՀՀ-ում Վրաստանի դեսպանության նախկին դիվանագետ Նինո Ափցիաուրին, Վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը: 

Գեղեցիկ և բովանդակալից գրական մոնտաժներով  ելույթ ունեցան թիվ 104 և թիվ 103 հանրային դպրոցների սովորողները, իսկ թիվ 62 դպրոցի աշակերտուհի Նատալյա    Միրզոյանը ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծությունը  վրացերեն, որի թարգմանությունն իր ժամանակին իրականացրել է  վրաց  բանաստեղծ Իոսեբ  Գրիշաշվիլին:

«Դեդաէնային» նվիրված միջոցառմանը հարիր հայ վրացական պարերով հանդես եկան ««Վանք», «Ջեյրան» և «Մուշ» պարային համույթները՝  գեղարվեստական ղեկավարներ  Լիանա Կաշավանիձե և Սվետլանա Երիցյան:  

«Դեդաէնային» նվիրված միջոցառումը հիրավի դարձավ հայ-վրացական բարեկամության ևս մի  գեղեցիկ էջ: 

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են