Материалы

Խաղաղ հանրահավաք Թբիլիսիում Թուրքիայի հանրապետության դեսպանության մոտ

2024 թվականի ապրիլի 24-ին,  «Վրաստանի հայ համայնք« հասարակական  կազմակերպության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ, Թբիլիսիում  Թուրքիայի Հանրապետության դեսպանության մոտ,  տեղի ունեցավ բողոքի խաղաղ հանրահավաք, որին նախորդեց Ցեղասպանության ոճրագործություններն արտացոլող  մահասարսուռ պատկերներով  լուսանկարների ցուցահանդեսը:

Բացելով հանրահավաքը, կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը ապրիլի 24-ը անվանեց հայության միասնության օր, հորդորելով հանրահավաքի մասնակիցներին նախանձախնդրությամբ տեր կանգնել հայոց արդար պահանջատիրությանը:

Հանրահավաքում  իր աղոթքով և Սուրբ նահատակների բարեխոսության աղերսով  հանդես եկավ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:

Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի մասնակիցները հայերեն, վրացերեն, անգլերեն և թուրքերեն  լեզուներով արտահայտեցին իրենց բողոքը 1915-23թթ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ՝ պահանջելով, որ Թուրքիան միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար:

Հանրահավաքի ընթացում հնչեցին դատապարտման, ճանաչման և հատուցման կոչեր, որոնք ներդաշնակվում էին հայրենասիրական բանաստեղծություններով, ազգի միասնությունն ու անպարտելիությունը ցուցադրող երգերով:  Հանրահավաքում ելույթ ունեցողները նաև խոսեցին   մայր հայրենիքի  ծանր ու բարդ, օրհասական  ներկայի մասին, դատապարտելով Ադրբեջանի և  Թուրքիայի  անօրինական ոտնձգությունները, Արցախի հայաթափումը և պահանջելով  Բաքվում գերված հայ քաղաքական գործիչների ազատումը:  

Հանրահավաքն ընթացավ խաղաղ մթնոլորտում, պահպանելով հասարակական կարգի բոլոր նորմերը: Հանրահավաքի կազմակերպիչների կողմից  շնորհակալության խոսքեր ուղղվեցին Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությանը, ովքեր հարգալից վերաբերմունքով և խելամիտ  ըմբռնումով ապահովեցին թբիլիսահայերի  խաղաղ հանրաքավաքի  իրականացումը:

Ապրիլի 24-ին բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են