ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ՆՎԻՐՎԱԾ ՎԻՊԱՍԱՆ ՐԱՖՖԻԻՆ
Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի և «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության հետ համատեղ ս․թ․ապրիլի 25-ին ,Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ առաջին անգամ կայացավ հայ մեծանուն վիպասան Րաֆֆիի հիշատակի օրվան նվիրված միջոցառում։ Մինչ միջոցառման սկսվելը Հայոց Մեծաց Մեծերի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանա Տեր Կիրակոս Սիմոնյանի կողմից անցկացվեց հոգեհանգստյան արարողություն, ապա՝ Մեծն Րաֆֆու մարմարե սպիտակ շիրմաքարին ծաղիկներ խոնարհեցին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները / ղեկավար Արթուր Միրզոյան/,համայնքային հայտնի գործիչներ, թեմի աշխատակիցներ, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ։
Այնուհետև միջոցառումը շարունակվեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում՝ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱկ ԵՐԵՎՈՒՅԹ է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ԶՈՀԱԲԵՐԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ․․․» Րաֆֆիի հայտնի խոսքերով ասված նշանաբանով ։
Ցերեկույթի ընթացքում Րաֆֆու կենսագրության, վիպասանի կյանքի հետաքրքիր փաստերի , Հովհ․ Թումանյանի՝ Րաֆֆու գերեզմանին ասված մահախոսականով հանդես եկան «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության սաները։ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՐԵՎՈՒՅԹ է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ԶՈՀԱԲԵՐԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ․․․» զեկույցով հանդես եկավ լրագրոսղ, GIPA-Ի մագիստրատուրայի ուսանող Միլենա Բարսեղյանը։ Ուշագրավ էին Րաֆֆիի ընտանիքի, կնոջ՝ Աննա Հորմուզի , տղաներ՝ Արամի և Արշակի մասին հետաքրքրաշարժ պատմությունները, ինչպես նաև Րաֆֆու անձնական իրերի ֆոտոշարքի ցուցադրությունը, որոնք պահվում են Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Գեղարվեստական մասն ապահովեցին «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության «Վան» երգչախմբի սաները / ղեկավար՝ Նինա Կարապետյան/։