Գերմանիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու պատվիրակությունն այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի
2024 թվականի ապրիլի 29-ին, Վրաստանում և Հարավային Կովկասում Ավետարանական-Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Ռոլֆ Բարայսի գլխավորությամբ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հրավերով և նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի այցելեց Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող լյութերանական եկեղեցիների ղեկավարների պատվիրակությունը:
Հյուրերին ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Կայացած զրույցի ընթացքում Վիրահայոց թեմի առաջնորդը հյուրերին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող հայոց դարավոր թեմը, նրա գործունեությունը, խոսեց թեմի ստեղծման պատմության, պատմական և նորաշեն եկեղեցիների, հոգևոր, մշակութային, դաստիարակչական ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ կատարվեց նաև քույր Եկեղեցիների, ընդորում Վրաստանի Ավետարանական-Լյութերական Եկեղեցու հետ համագործակցությանը: Կողմերը հույս հայտնեցին եկեղեցիների միջև բարի դրացիական հարաբերությունները շարունակելու և խորացնելու մասին:
Հյուրերը շրջայց կատարեցին առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցում, հիացմունքով դիտեցին հինավուրց եկեղեցու գեղեցկությունը, պատերը զարդարող հնամենի զարդանկարները: