«Բարեկենդանից՝ Սուրբ Հարություն» Սուրբ Զատիկին նվիրված գրական երաժշտական միջոցառում Վիրահայոց թեմում
2024 թվականի ապրիլի 30-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ գրական-երաժշտական միջոցառում՝ «Բարեկենդանից՝ Սուրբ Հարություն» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնի երգի, պարի, նվագարանների ուսուցման խմբերը և «Մովսես Խորենացի» նախակրթարանը:
Անդրադարձ կատարելով Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնն ընկած ժամանակաշրջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգով օրացույցային բոլոր կիրակիներին, կենտրոնի գեղարվեստական խմբերը անուն առ անուն ներկայացրին այդ օրերը, դրանց խորհւրդները՝ ներդաշնակելով համարժեք երգուպարով և երաժշտությամբ, փոքրիկ ներկայացումներով և ժողովրդական ավանդույթներով:
Դահլիճը դարձել էր իսկական թատերաբեմ, որտեղ փոքրիկ դերասանները երգում էին, պարում, հանդես գալիս տարբեր դերերով՝ արժանանալով ներկաների ջերմ ծափերին:
«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը կարևորեց Վիրահայոց թեմի կենտրոնների գործունեության ուղղություններից մեկը՝ ազգային մշակույթը, ավանդությունները սերունդներին փոխանցելու, եկեղեցական կանոնակարգերի պահպանության ոգով դաստիարակությունը, և նշեց Սուրբ Զատիկին նվիրված «Բարեկենդանից մինչև Սուրբ Հարություն» գրական գեղարվեստական միջոցառման սույն նպատակը:
Վերջինս շնորհակալություն հայտնեց գեղարվեստական խմբերի ղեկավարներ Աիդա Բազոյան-Սուրմալյանին, Սուրեն Աբրամյանին, Վանո Մկրտչյանին, նախակրթարանի ուսուցիչներ Տաթևիկ Սահակյանին, Նանե Օգանեսյանին, դայակ Երինազ Բաղդասարյանին և բոլոր ծնողներին, ովքեր մեծ նվիրումով և պատասխանատվությամբ աջակցեցին միջոցառման իրականացմանը:
Արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքները, հավելեց, որ կենտրոնի միջոցառումները բարձրարժեք են, գովեստի արժանի, ի մասնավորի երբ դրանք ներդաշնակվում են նախակրթարանի սաների թոթովախոս ելույթներով, երգով ու պարով, ցուցադրում են այն գլխավորն ու անփոխարինելին, որը սերունդները ստանում են իրենց մայրենիի հետ շփվելով, հայեցի դաստիարակություն ստանալով և Հայոց Եկեղեցու հետևորդներ մեծանալով:
Տոնական բովանդակալից և գեղեցիկ միջոցառումն ավարտվեց ձվակռիվ խաղով և հայկական ավանդական զատկական կերակրատեսակների ցուցադրությամբ: