Материалы

«Կամուրջ» թատերախմբի այցելուլթյունը Թբիլիսի և Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» կատակերգության ցուցադրությունը

2024 թվականի մայիսի 1-2-ը, Վիրահայոց թեմի առաջնորդ  Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հրավերով և աջակցությամբ, Թբիլիսիում հյուրընկալվեց ՀՀ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Կամուրջ» թատերախումբը՝ ղեկավար Հասմիկ Խաչերյանի գլխավորությամբ:

Հյուրերին ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ  Գրշ. Կիրակոս եպիսկոպոսը: Հետաքրքրվելով թատերախմբի գործունեության մասին, Սրբազան հայրը  հյուրերին ծանոթացրեց  Վիրահայոց թեմի պատմությանը, հիշատակեց  հոգևոր ծառայությունն այստեղ իրականացրած հոգևոր պատմական դեմքերին: Սրբազան Հայրը թատերախմբի սաներին  բաժանեց հուշանվերներ և լուսանկարվեց նրանց հետ:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության սահմանափակ կարողություններով սաներից բաղկացած  «Կամուրջ» թատերախումբը թբիլիսահայ հանդիսատեսին ներկայացրեց Հակոբ  Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ռեժիսոր Լևոն Իվանյանի  բեմադրությամբ: Հայ դասական երգիծաբանի հերոսներին վարպետորեն ներկայացրին դեռահասներ Դենիս Վարդանյանը, Գրիգոր Սարիբեկյանը, Համբարձում Սարգսյանը, Լևոն Հովհաննիսյանը, Էլեն Սարգսյանը, Էլեն Ավետիսյանը, Վահե Սարգսյանը, Վանեսա Ղուկասյանը և Համլետ Փիլթոյանը: 

2

Հանդիսատեսի շրջանում էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Գագիկ Եկմալյանը, Վրաստանում Դանիայի թագավորության դեսպանության աշխատակցուհի Աննա Սարգսյանը և Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը,  բազմաթիվ հյուրեր, ծնողներ, աշակերտներ:

Սահմանափակ կարողություններով դեռահասների այցելությունը Թբիլիսի  իրականացվեց նաև «Հայարտուն» կենտրոնի օժանդակությամբ՝ ղեկավար Եվգենյա Մարկոսյան  և կենտրոնի երգչախմբի նախկին սան Մարգարիտա Գիլոյանի ծնողների միջնորդությամբ: 

Սահմանափակ  կարողություններով  անձանց օրերը Թբիլիսիում  անցան ուրախ, հետաքրքիր, բովանդակալից ու միջոցառումներով հագեցած,  առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սբ. Էջմիածին հայոց եկեղեցիներ և պատմական ու  տեսարժան վայրեր այցելություններով:

1997 թվականին ստեղծված «Կամուրջ» թատերախմբի նպատակն է վերացնել երեխաներին սահմանազատող պատնեշները և խթանել սահմանափակ կարողություններով աշակերտների ներառականությունը ընդհանուր հասարակությունում:

3

Տասնամյակներ շարունակ գործող վերոնշյալ թատերախումբը  ելույթներ է ունեցել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և շրջաններում, Թբիլիսիում մասնակցել է «Սաչուքարի» (Նվեր) փառատոնին, հանդես եկել Ստամբուլում ներառական դաստիարակությանը նվիրված գիտաժողովի բացմանը: «Կամուրջ» թատերական ստուդիան իր  մասնաճյուղերն ունի Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում և  Բերդում:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը  համագործակցում է  Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում Դանիայի  թագավորության դեսպանության հետ:  Դանիական` Նոր ժողովրդավարական հիմնադրամի կողմից ֆինանսավորված «Կամուրջ թատերական ստուդիան իր  ծրագիրն իրականացնում է  կազմակերպության  երկարամյա գործընկեր «Առաքելություն դեպի Արևելք» մարդասիրական կազմակերպության հետ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են