«Կամուրջ» թատերախմբի այցելուլթյունը Թբիլիսի և Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» կատակերգության ցուցադրությունը
2024 թվականի մայիսի 1-2-ը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հրավերով և աջակցությամբ, Թբիլիսիում հյուրընկալվեց ՀՀ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Կամուրջ» թատերախումբը՝ ղեկավար Հասմիկ Խաչերյանի գլխավորությամբ:
Հյուրերին ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Կիրակոս եպիսկոպոսը: Հետաքրքրվելով թատերախմբի գործունեության մասին, Սրբազան հայրը հյուրերին ծանոթացրեց Վիրահայոց թեմի պատմությանը, հիշատակեց հոգևոր ծառայությունն այստեղ իրականացրած հոգևոր պատմական դեմքերին: Սրբազան Հայրը թատերախմբի սաներին բաժանեց հուշանվերներ և լուսանկարվեց նրանց հետ:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության սահմանափակ կարողություններով սաներից բաղկացած «Կամուրջ» թատերախումբը թբիլիսահայ հանդիսատեսին ներկայացրեց Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ռեժիսոր Լևոն Իվանյանի բեմադրությամբ: Հայ դասական երգիծաբանի հերոսներին վարպետորեն ներկայացրին դեռահասներ Դենիս Վարդանյանը, Գրիգոր Սարիբեկյանը, Համբարձում Սարգսյանը, Լևոն Հովհաննիսյանը, Էլեն Սարգսյանը, Էլեն Ավետիսյանը, Վահե Սարգսյանը, Վանեսա Ղուկասյանը և Համլետ Փիլթոյանը:
Հանդիսատեսի շրջանում էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Գագիկ Եկմալյանը, Վրաստանում Դանիայի թագավորության դեսպանության աշխատակցուհի Աննա Սարգսյանը և Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը, բազմաթիվ հյուրեր, ծնողներ, աշակերտներ:
Սահմանափակ կարողություններով դեռահասների այցելությունը Թբիլիսի իրականացվեց նաև «Հայարտուն» կենտրոնի օժանդակությամբ՝ ղեկավար Եվգենյա Մարկոսյան և կենտրոնի երգչախմբի նախկին սան Մարգարիտա Գիլոյանի ծնողների միջնորդությամբ:
Սահմանափակ կարողություններով անձանց օրերը Թբիլիսիում անցան ուրախ, հետաքրքիր, բովանդակալից ու միջոցառումներով հագեցած, առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սբ. Էջմիածին հայոց եկեղեցիներ և պատմական ու տեսարժան վայրեր այցելություններով:
1997 թվականին ստեղծված «Կամուրջ» թատերախմբի նպատակն է վերացնել երեխաներին սահմանազատող պատնեշները և խթանել սահմանափակ կարողություններով աշակերտների ներառականությունը ընդհանուր հասարակությունում:
Տասնամյակներ շարունակ գործող վերոնշյալ թատերախումբը ելույթներ է ունեցել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և շրջաններում, Թբիլիսիում մասնակցել է «Սաչուքարի» (Նվեր) փառատոնին, հանդես եկել Ստամբուլում ներառական դաստիարակությանը նվիրված գիտաժողովի բացմանը: «Կամուրջ» թատերական ստուդիան իր մասնաճյուղերն ունի Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում և Բերդում:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը համագործակցում է Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում Դանիայի թագավորության դեսպանության հետ: Դանիական` Նոր ժողովրդավարական հիմնադրամի կողմից ֆինանսավորված «Կամուրջ թատերական ստուդիան իր ծրագիրն իրականացնում է կազմակերպության երկարամյա գործընկեր «Առաքելություն դեպի Արևելք» մարդասիրական կազմակերպության հետ: