«Լույսեր” վավերագրական ֆիլմի ցուցադրում «Հայարտուն» կենտրոնում
2024 թվականի մայիսի 8-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս, Դավթյանի օրհնությամբ, թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ «Լույսեր» վավերագրական ֆիլմի ցուցադրումը:
Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանը ողջունելով ներկաներին տեղեկացրեց, որ «Լույսեր» վավերագրական ֆիլմը 44–օրյա պատերազմի ժամանակ կամավորական աշխատանքներ կատարած դեռահասների և պատերազմի հետևանքով հարազատ բնակավայրը կորցրած երեխաների մասին է։ Ներկայացրեց ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Շողեր Պետրոսյանին և բեմադրող օպերատոր, պրոդյուսեր Վազգեն Մարտիրոսյանին, ովքեր Երևանից ժամանել էին հատուկ ցուցադրությանը ներկա գտնվելու նպատակով:
Իրենց ելույթներում հյուրերը խոսեցին ֆիլմի նպատակի մասին, կարևորելով պատերազմի արհավիրքների դեմ պայքարի դեռահասների յուրօրինակ մոտեցումը, պատերազմից տուժած, տուն ու տեղ կորցրած մարդկանց իրենց գործողություններով օգնելու պատրաստակամությունը և այդ մասին հասարակությանը իրազեկելու դաստիարակչական նշանակությունը:
Ֆիլմի նախաբանում տրված էր այդ երեխաների ուղերձը թբիլիսահայությանը, ինչը նաև պատերազմական բոլոր տեսակի գործողությունների յուրատեսակ դատապարտում էր:
Ֆիլմի ավարտին հանդիսատեսն իր տպավորություններով կիսվեց հեղինակների հետ, ստացավ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:
Վերջում Գևորգ սարկավագը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի հայրական օրհնությունը և բարեմաղթանքները և շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակներին Թբիլիսիոսւմ ֆիլմի դիտումը նախաձեռնելու համար: