Մայիս Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում
2024 թվականի մայիսի 11-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում բացվեց Հայաստանի նկարիչների միության անդամ և UNESCO-ի նկարիչների միջազգային ընկերության անդամ Մայիս Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար տիկին Թեա Ծուլուկիանին դստեր հետ: Ներկա էին կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, արժ. Տեր Աամվել քահանա Թորոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Ավետիք Հարությունյանը, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, վիրահայ համայնքի անդամներ:
Ծնունդով թբիլիսեցի, ճանաչված նկարիչ Մայիս Մխիթարյանը իր հերթական անհատական ցուցահանդեսը կազմակերպելով Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանում, այն նվիրել էր Մեծն Լոռեցու ծննդյան 155-ամյակին և անվանակոչել «Կոմիտասի այցը Թումանյանին»:
Նախարար տիկին Թեա Ծուլուկիան արժևորեց Մայիս Մխիթարյանի նվիրումը գեղանկարչությանը և անքակտելի կապը իր ծննդավայրի հետ, նրա գործունեությունը տեղի հայկական թատրոնում, որի նորակառույց շենքը մեծ շուքով կբացվի աշնանը:
Մայիս Մխիթարյանը տիկին նախարարին շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելու համար և նվիրեց իր կտավներից մեկը:
Միջոցառման վերջում, որն իրականացվել էր բարերար Անդրանիկ Էլմասյանի աջակցությամբ, տրվեց համերգ «Ջեյրան» և «Մուշ» պարային խմբերի (գեղ. ղեկավար Սվետլանա Երիցյան), ջութակահար Էկատերինե Սափարեիշվիլիի և դաշնակահար Եսայի Աբովյանի մասնակցությամբ: