Վիրահայոց թեմում նշվեց Խաչվերաց տոնը
2024 թվականի սեպտեմբերի 15-ին, Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի նշանավորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի փառաբանության տոնը:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ , տոնական Սբ. Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:
Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» ֆրակցիայից Դավիթ Կաճարավան, Թբիլիսիի Սակրեբուլոյի Կրծանիսիի շրջանից մաժորիտար պատգամավոր, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Լևան Ջափարիձեն և . Թբիլիսիի Կրծանիսի շրջանի գամգեբելի Բեքա Միքաուտաձեն:
Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը քարոզ խոսեց օրվա խորհրդի, հավատքի կարևորության և Խաչի նշանակության մասին և շնորհավորեց ներկաներին տաղավար տոնի կապակցությամբ:
Նույն օրը Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում, երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Սուրբ Խաչի թափոր: Հոգևոր դասի առաջնորդությամբ՝ Խաչը պտտեցվեց Եկեղեցու չորս կողմերում և ժողովուրդը օրհնվեց վարդաջրով: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ:Օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալներին:
Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով և հանդիսավորությամբ նշանավորվեց Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջաններում և գյուղերում և Բաթումիում գործող հայկական եկեղեցիներում: