Վիրահայոց թեմի ներկայացուցիչները մասնակցեցին Վրաստանում գործող կրոնական դավանանքների աշխատանքային հանդիպմանը

2024 թվականի սեպտեմբերի 30-ից առ հոկտեմբերի 3-ը «Լազարե» հիմնադրամի նախաձեռնությամբ, «Երիտասարդները Հարավային Կովկասում խաղաղության համար» նախագծի շրջանակներում, Քոբուլեթիում, Պատրիարքության Բոբողվաթի նստավայրում կայացավ Վրաստանում գործող կրոնական դավանանքների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Վիրահայոց առաջնորդի օրհնությամբ, թեմը ներկայացնում էին արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանը:
Նախագիծն իրականացվում է 2007 թվականից և ընթացիկ 2022-2026 թվականների փուլի նպատակն է աջակցել խաղաղության կառուցմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
2022 թվականից նախագծում ներգրավված են Վրաց Ուղղափառ Եկեղեցու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը և Վրաստանի մահմեդական համայնքի ներկայացուցիչները, ովքեր հանդիպում և քննարկում են երկրում և տարածաշրջանում առկա իրավիճակը, հակամարտությունների վերափոխման և խաղաղության կառուցման պայմանները, կրոնի և հոգևորականության դերի մասին, ցույց են տալիս համագործակցության ուղիները և համայնքում հնարավոր միջամտության հնարավորությունները։