Վիրահայոց թեմը միացավ համահայկական աղոթքին
Վիրահայոց թեմը, արձագանքելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչին, 2024 թվականի նոյեմբերի 10-ին, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագին,իր ձայնը միացրեց համահայկական աղոթքին:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը հավուր պատշաճի մեկնաբանեց արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես, Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար համընդհանուր աղոթք բարձրացնելու նշանակությունը:
Համահայկական աղոթքը կոչ է, հորդոր է համայն մարդկությանը ազգային պատկանելության մեղադրանքով գերեվարված հայորդիներին ազատ արձակելու աղերսով, որին թեմակալ առաջնորդի նախագահությամբ բարձրացված աղոթքին միացավ վիրահայ հավատացյալը: