Ավանդական տոլմայի փառատոնը ազգային միասնության խորհրդանիշ
2024 թվականի նոյեմբերի 10-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ ազգային խոհանոցի ևս մեկ թագուհու՝ հայկական տոլմայի ավանդական փառատոնը: Այն կյանքի կոչվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, իսկ միջոցառման հովանավորն էր եկեղեցասեր հայորդի Արկադի Հովակիմյանը:
Հավարտ կիրակնօրյա Սուրբ պատարագի, թեմի առաջնորդի օրհնությունից և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանի՝ աջակիցներին և բոլոր մասնակիցներին ուղղված շնորհակալական խոսքից հետո, ներկաները համտեսեցին և հյուրասիրվեցին հայկական տոլմայի տարբեր տարատեսակներով:
Փառատոնը, ինչպես միշտ, լայնամասշտաբ էր, մարդաշատ ու ախորժալի, քանզի եկեղեցու բակում շարված սեղանները հագեցած էին պատրաստողների մտահղացումներով և հմտություններով զարդարված երեք տասնյակից ավելի տոլմաների կաթսաներով, որոնց հեղինակներն էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամ տիկնայք, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, «Տարոն» ազգագրական պարի խումբը, Հ.Մ.Ը.Մ. «Թիֆլիս» կազմակերպությունը, «Վան» վոկալ ստուդիան ներկայացնողները և անհատ մասնակիցները:
Փառատոնի պատվավոր մասնակիցն էր Հայաստանից ժամանած անհատ խոհարար Դավիթ Բաբայանը, ում կողմից զարդարված սեղանը՝ հայկական խոհանոցի բարիքներով և տասը տեսակ սոլմաներով, առանձնահատուկ գեղեցկություն հաղորդեց փառատոնին, առաջացնելով ներկաների հիացմունքը և զարմանքը:
Փառատոնին տոնական ուրախ տրամադրություն հաղորդեց միջոցառմանը հատուկ հրավիրված ՀՀ Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Ներսիսյան) ազգային, հայրենասիրական և հոգեթով երգ-երաժշտությամբ համերգը:
Հյուրերի շրջանում էին Թբիլիսիի քաղաքապետարանի, Սակրեբուլոյի, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի, Վրաստանի Կանանց խորհրդի, Վրաստանում գործող քույր եկեղեցիների ներկայացուցիչները և հավատացյալներ, ինչպես նաև հյուրեր Երևանից, Վանաձորից, Բաթումիից, Ռուսթավիից և այլն:
Օրը, հիրավի դարձավ ազգային միասնության խորհրդին համահունչ և տոնական: