Материалы

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում մեծարեցին Սաշա Օգանեզաշվիլիի հիշատակը

2024 թվականի դեկտեմբերի 1-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, Վրաստանի հայ մտավորականների միության (նախագահ՝ պատմաբան Ենոք Թադևոսյան) նախաձեռնությամբ մեկնարկեց «Մեր մեծերը» միջոցառումների շարքը, որի անդրանիկ միջոցառումը նվիրվեց հայ անվանի երաժիշտ, քամանչահար, բանաստեղծ Սաշա Օգանեզաշվիլիի (Ալեքսանդր Օհանյան) հիշատակին, ով հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների  Խոջիվանքի պանթեոնում:

2

Սաշա Օգանեզաշվիլիի գերեզմանին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, ներկաները ծաղիկներ խոնարհեցին արժանավոր հայոդու տապանաքարին:

Միջոցառումը շարունակվեց «Հայարտուն» կենտրոնում՝ Վիրահայոց թեմի առաջնորդի միջամտությամբ և աջակցությամբ «Գրանդ Քենդի»  ընկերության կողմից թեմին տրամադրված 20 վավերագրական տեսաֆիլմերից մեկի՝ Սաշա Օգանեզաշվիլիին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ, որին ներկա էին  Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը,  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Սաշա Օգանեզաշվիլիի մորաքրոջ թոռնուհի Կարմեն Բագդասարովան: 

3

Ֆիլմը հիրավի հետաքրքիր էր ու խոսուն:  Վաղ մանկությունից մորը կորցրած Սաշան, դառնալով ինքնուս նվագող, հոգու անհուն թելերով կապվում է քամանչային, այդ հուզառատ նվագարանի լարերի միջոցով հնչեցում հոգու հույզերը: Շնորհաշատ քամանչահարի անսահմանափակ  պրպտումներով գործիքը էլ ավելի է կատարելագործվում, եռալարից դառնում եզակիորեն քառալար նվագարան: Հետագայում Սաշա Օգանեզաշվիլին Երևանի պետական կոնսերվատորիայում բացում է արևելյան երաժշտության ֆակուլտետը, իսկ  Բաքվում դառնում  կոնսերվատորիայի հիմնադիրն ու  առաջին ղեկավարը:

Քամանչայի հուզառատ մեղեդիները կենդանի կատարումներով հնչեցրին Թեմի հատուկ հրավերով ժամանած Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի դասարանի երրորդ կուրսի սովորողներ Միլենա Մովսիսյանը, Սարգիս Սերոբյան՝ «Հայարտուն» կենտրոնի դհոլահար Արման Պապիկյանի նվագակցությամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը գնահատանքի և օրհնության խոսքում բարձր գնահատեց Ենոք Թադևոյանի  և բոլոր կազմակերպիչների ջանքերը, ընդգծեց  ազգի արժանավոր զավակների մասին «Մեր մեծերը» շարքով երիտասարդ սերնդին իրազեկելու և հայորդիների հիշատակը սրբությամբ պահելու ու սերունդներին փոխանցելու կարևորությունը: Թեմակալ առաջնորդը շնորհակալություն հայտնեց «Գրանդ Քենդի» ընկերությանը ցուցաբերած աջակցության համար, իր օրհնությունը հղեց Երևանից ժամանած ուսանող քամանչահարներին:

3

 Գնահատանքի խոսքով հանդես եկավ նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աշոտ Սմբատյանը:  

Հիրավի, միջոցառումը դարձավ գեղեցիկ էջ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) տարեգրությունում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են