Վիրահայոց թեմը հյուրընկալեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի պատվիրակությանը

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» տնօրինության պատվիրակությունը 2025 թվականի հունվարի 29-ին հյուրընկալվեց Թբիլիսիում:
Պատվիրակության կազմում էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը, հիմնադրամի ՀՀ գրասենյակի տնօրեն Արմեն Հակոբյանը, ԱՄՆ-ի խորհրդատվական կոմիտեի անդամներ Սոնա Հարությունյանը և Ֆիլիպ Վուդսը:
Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում շրջայց կատարելուց և Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը ստանալուց և առանձնազրույցից հետո, հյուրերը դիտեցին «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը: Տնօրեն Եվգենյա Մարկոսյան ներկայացմամբ ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, դիտեցին Ջինիշյանի անվան սրահը, որտեղ ամբողջ օրվա ընթացքում իրար են հաջորդում «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի, հայերենի ուսուցման մեկօրյա վարժարանի դասերը, «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի պարապմունքները և տարբեր հանդիպումներ:
Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերով բաժնի պատասխանատու Էմիլ Սարգսյանի հետ Ջինիշյան հիմնադրամի աջակցությամբ կատարած աշխատանքներին ծանոթանալուց հետո, հյուրերը այցելեցին թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթամշակութային կենտրոն:
Այստեղ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024 թվականներին» ծրագրի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով հանդիպմանը պատվիրակության անդամները իրազեկվեցին նախագծի օգտակարության, երիտասարդների մասնակցության, հանդիպումների բարձրաժեքության մասին:
Ջինիշյան հիմնադրամի տնօրինությունը ունկնդրեց երիտասարդների առաջարկությունները, որոնց իրականացումը կօժանդակեն քաղաքացիական, հասարակական և հոգևոր գործունեության ակտիվացմանը, երիտասարդների կյանքը հետաքրքիր, ստացած գիտելիքը օգտակար դարձնելուն:
Ե՛վ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» տնօրինության ղեկավարները, և թեմի երիտասարդական բաժինը նորանոր ծրագրեր իրակացնելու ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին: