Անհատական ցուցահանդես վաղամեռիկ նկարչի ծննդյան օրվան

Փետրվարի 3-ին հանրաճանաչ նկարիչ Թենգիզ Միկոյանցը կդառնար 61 տարեկան: Միկոյանց ընտանիքի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի կազմակերպմամբ, 2025 թվականի փետրվարի 3-ին «Հայարտուն» կենտրոնում բացվեց վերջերս իր մահկանացուն կնքած շնորհաշատ գեղանկարչի աշխատանքների ցուցահանդեսը: Թենգիզ Միկոյանցի աշխատանքների ետմահու ցուցահանդեսը տաղանդավոր նկարչի այն կտավների ցուցադրությունն էր, որոնք վաղամեռիկ նկարչի կողմից իր ընտանիքին թողած անկրկնելի մասունքներ են:
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ ըմբոշխնելու Թենգիզ Միկոյանցի վրձնի անկրկնելիությունը, գույների ներդաշնակությունը, ներկապնակի հագեցվածությունը, հիանալու Թբիլիսիին նվիրված նրա կոլորիտային շքեղաշուք նկարներով:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում Թենգիզ Միկոյանցի ետմահու ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 9-ը ներառյալ: Մուտքն ազատ է: