Материалы

Սուրբ Սարգսի տոնին նվիրված խաչի թափոր և նախատոնակ Թբիլիսիում

Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը շարժական է: Հայոց Եկեղեցին 2025 թվականին տոնը  նշում է  փետրվարի 15-ին:

Տոնի նախօրեին,  Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների բազմամարդ թափորը, ստանալով  Տեր Սամվել քհն. Թորոսյանի օրհնությունը, Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանի և  Տեր Հովսեփ քհն. Հարությունյանի առաջնորդությամբ, սարկավագաց դասի ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, շարականներ երգելով և աղոթքով ուղղվեց դեպի Խարփուխի 1883 թվականին կառուցված Սուրբ Սարգիս մատուռը: Քայլերթի մասնակիցները կանգ առան Շամխորեցոց Կարմիր Ավետարան խոնարհված եկեղեցու փլատակների մոտ՝ աղոթք բարձրացնելով եկեղեցու փրկության համար:

2

Բոլոր ուխտավորները հերթով մոմ վառեցին ու աղոթք արեցին  մատուռում, որից հետո խաչի թափորը ուղղվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացավ այնտեղ գտնվող հավատացյալներին, որոնց շրջանում մեծամասնություն էին կազմում երիտասարդները, կային նաև այլազգի քրիստոնյաներ:

Սուրբ Գևորգ եկեղեցում և բակում չէր տեղավորվում հավատացյալների այն հոծ բազմությունը, որը տենչում էր ստանալ Սրբի բարեխոսությունը: Նախատոնակ երեկոյան ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ:

Հավարտ ժամերգության  արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը քարոզ խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների՝ հանուն քրիստոնեության նահատակության մասին: Տեր Հայրը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս.Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակելուն, կատարեց երիտասարդության օրհնության կարգ և մաղթեց նրանց նպատակների իրականացում:

Նախատոնակի արարողության վերջում, ժողովրդական սովորույթի համաձայն, երիտասարդներին բաժանվեցին թեմի երիտասարդական բաժնի անդամների պատրաստած  աղի բլիթները, որոնց հետ կապում են իրենց երազանքների իրականացումը:

Փետրվարի 15-ին, Սուրբ Սարգսի տոնի օրը, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

3

4

5

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge