Վիրահայոց թեմում նշվեց Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապում կրած չարչարանքների հիշատակության օրը

2025 թվականի ապրիլի 5-ին Վիրահայոց թեմում նշվեց Հայոց առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապ: Այդ օրը Հայաստյայց Եկեղեցին հիշատակում է Սբ. Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը նետելը և այնտեղ 13 տարիների ընթացքում կրած սոսկալի չարչարանքները։
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Խորհրդավոր օրվան նվիրված Սուրբ Պատարագ մատուցեց արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, ով իր հոգևոր ծառայության տարիների ընթացքում արդեն երկու տասնամյակից ավելի առանձնահատուկ զգացողությամբ է մատուցում այս տաժանակիր օրվան նվիրված Սբ. Պատարագը:
Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ-քահանան քարոզ խոսեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական հավատքի համար կրած չարչարանքների, 13 տարիների ընթացքում դրսևորած մեծ կամքի, դիմադրության ուժի և Աստծուն ու Քրիստոսին նվիրվածության մասին: Այդ տարիները սարսափելի էին։ Նա վիրապում մնում էր օձերի, կարիճների, սողունների հետ, սակայն զգալով Աստծո ներկայությունը՝ չէր հանձնվում։ Աստված էր, որ ուժ տվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ մնա մութ զնդանում և սպասի օրվան, երբ դուրս է գալու, դասվելու է սրբերի շարքին և քարոզելու է Լույսը: Խոր Վիրապից դուրս գալով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սկսեց քարոզել քրիստոնեությունը և դարձավ Հայոց Եկեղեցու առաջին հովվապետը:
Հավատացյալները մոմեր վառեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը: Համաքրիստոնեական սրբի տոնին բացվեցին Հայոց Եկեղեցիների վարագույրները և հավատացյալները ունեցան հաղորդություն ստանալու հնարավորություն:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները: