Մելանիա Բարսեղյանի կատարողական արվեստը Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում

2025 թվականի ապրիլի 6-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում հանդիսատեսին ներկայացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի վաստակաշատ դերասանուհի Մելանիա Բարսեղյանը՝ ասմունք, երգ, հուշապատում - կերպարանափոխության հսկայական ամպլիտուդով:
Վերհանելով իր Ուստիան տատի ապրած կյանքի տարբեր դրվագները, ճանաչված արտիստուհին բարբառային հնչերանգով, տարածքային կենցաղի նկարագրությամբ, հումորային բառ ու բանով համեմված դրսևորումներով հանդիսատեսին ներկայացրեց ցեղասպանության տարիներին մազապուրծ փրկված, երեխաներին կորցրած, տուն ու տեղից զրկված և մայր հայրենիքում վերստին բնավորված տատի տարբեր դեպքերով հարուստ կյանքի ուղին:
Հավարտ միջոցառման «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը՝ ի դեմս Ուստիան տատի միջոցառումն անվանեց Ավետման տոնին նվիրված:
Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը կարևորելով Մելանիա Բարսեղյանի պրոֆեսիոնալիզմը, կատարողական ունակությունը նշեց, որ շուտով Թբիլիսիի հինավուրց թատրոնի գեղարվեստական կոլեկտիվը, երկար տարիների դեգերումներից հետո վերստին իր հանդիսատեսին կներկայանա նորակառույց թատրոնի շքեղ դահլիճի բեմում:
Իսկ հանդիսատեսը ըմբոշխնելով Մելանիա Բարսեղյանի շնորհաշատ ելույթը, միջոցառումը որակավորեց որպես իսկական մոնոներկայացում: