Материалы

Ծաղկազարդի տոնը Թբիլիսիում

2025 թվականի ապրիլի 13-ին  քրիստոնյա աշխարհը տոնեց Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Նախօրեին եկեղեցիներում կատարվեց նախատոնակ, բացվեցին խորանի վարագույրները: Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Առավոտվանից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները և շուրջբոլորը: Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը:

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ,  Սուրբ Պատարագը մատուցեց արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Իսկ Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում պատարագիչն էր արժ.Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանաները  հավուր պատշաճի քարոզ խոսեցին  Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ: ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով»:

Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է   մանուկների օրհնության օր:

Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ և քահանաների մասնակցությամբ  կատարվեց մանուկների օրհնության կարգ, որից հետո հավուր պատշաճի քարոզ ասաց Թեմակալ առաջնորդը: Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը հորդորեց ներկաներին շարունակել ապրել հավատքին նվիրվածությամբ,  Քրիստոսով, քանզի Մեր Փրկիչը ամենուրեք մեր հոգիներում է իր սիրով և զորությամբ:

Հընթաց երեկոյան ժամերգության եկեղեցիներում կատարվեց Դռնբացեքի կարգ: Քահանաները քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին: Հավատացյալները Սուրբ հոգով մխիթարված պատրաստվեցին դիմավորելու Ավագ Շաբաթը:

3

4

5

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: contact@armenianchurch.ge

 ©2025 armenianchurch.ge