Վիրահայոց թեմը հյուրընկալեց Սյունիքի մարզի Քաջարանի Արվեստի դպրոցի սաներին և ուսուցիչներին

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և ՀՀ Սյունիքի մարզի տարբեր կրթական հաստատությունների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների շրջանակում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, 2025 թվականի մայիսի 2-4-ը Թբիլիսիում հյուրընկալվեցին Քաջարանի Արվեստի դպրոցի սաները՝ ուսուցիչների և ծնողների հետ:
«Հայարտուն» կենտրոնի դահլիճը լեփ-լեցուն էր դպրոսականներով և մեծահասակ հանդիսատեսով:
«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարտկոսյանը փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը, իր ողջույնի խոսքում կարևորեց տարիներ շարունակ Վիրահայոց թեմ, ի մասնավորի «Հայարտուն» կենտրոն Սյունիքի մարզի տարբեր շրջանների կրթական և մշակութային հաստատությունների կողմից իրականացվող այցելությունները և նշեց, որ ուրախ են այս անգամ ընդունելու Քաջարանի արվեստի դպրոցի սաներին:
Արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ իրենց նպատակն է եղել սերունդներին ծանոթացնել Թբիլիսիի հայկական հետքին և կարևորեց, որ այցելությունների ժամանակ ընտրությունը կատարվել է նրանց վրա, ովքեր առաջին անգամ են լինելու Վրաստանի մայրաքաղաքում:
Քաջարանցի երեխաները իրենց հասակակիցներին ուրախացրին Հովհ. Թումանյանի «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը«, և «Բարեկենդանը» ներկայացումների շնորհալի և վարպետ ցուցադրմամբ (ուսուցիչ՝ Տիգրան Ղուկասյան), ինչը թբիլիսահայ դպրոցականների և մեծահասակների կողմից ընդունվեց ջերմությամբ:
Միջոցառումը ամփոփեց արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց Սուրբ Հարության ավետիսը և բարեմաղթեց սիրել հայրենիքը, հավատարիմ մնալ հավատքին, պահել ու պահպանել մեր լեզուն ու մշակույթը:
Քաջարանցի հյուրերը այցի շրջանակնհերում եղան Հովհ. Թումանյանի նախկին բնակարանում, այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: