Վիրահայոց թեմում մեծարվեց Միքայել Լորիս-Մելիքովի հիշատակը

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Վրաստանի հայ մտավորականների միության (նախագահ՝Ենոք Թադևոսյան) նախաձեռնությամբ և «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) կազմակերպմամբ, Վիրահայոց թեմում շարունակվում են «Մեր մեծերը» շարքից հիշատակի միջոցառումները:
2025 թվականի մայիսի 4-ին թեմում կայացած հիշատակի միջոցառումը նվիրված էր Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված արժանավոր հայոդիներից մեկի՝ հայազգի ռուս զորավար և պետական գործիչ, Ցարական Ռուսաստանի ներքին գործերի նախարար Միքայել Լորիս-Մելիքովի հիշատակին:
Հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, հոգևորաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ, Միքայել Լորիս-Մելիքովի շիրիմի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղիկներ խոնարհվեցին նրա շիրմաքարին:
Բազմամարդ էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դահլիճը: Թբիլիսահայերը եկել էին դիտելու ռազմական, պետական և հասարակական գործիչ, Ցարական Ռուսաստանի ակնառու պաշտոնյա Լորիս-Մելիքովի մասին պատմող ֆիլմը: Այն անչափ հետաքրքիր էր ու պատմական փաստերով հարուստ:
Երախտագիտությամբ նշենք, որ «Մեր մեծերը» շարքից վավերագրական ֆիլմերը «Հայարտուն» կենտրոնին շարունակաբար տրամադրում է Հայաստանի Հանրապետության «Գրանդ Քենդի» ընկերությունը: