Համբարձման տոնը Թբիլիսիում նշվեց Սուրբ Պատարագով

2025 թվականի մայիսի 29-ին, Քրիստոնեական Սուրբ Եկեղեցին նշեց Հարությունից հետո Քրիստոսի 40 օր երկրի վրա մնալու և դեպի երկինք հրաշափառ Համբարձման տոնը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար տոնը երկակի նշանակություն ունի, քանզի Համբարձման տոնի հետ միասին Հայոց Եկեղեցին նշում է 1441 թվականին Հայոց Հայրապետական Աթոռը՝ Սսից Վաղարշապատ փոխադրության հիշատակը:
Տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագներով և ուխտագնացություններով:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց արժանապաիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Համբարձման տոնին, ի թիվս մյուս հավատացյալների, ներկա էին ծաղկեպսակներով զուգված Թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները՝ դաստիարակների և ծնողների հետ:
Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան քարոզ խոսեց Համբարձման տոնի խորհրդի և Սուրբ Էջմիածնի ուխտի օր հռչակելու մասին: Կատարվեց «Հայրապետական» մաղթանք, որի ժամանակ աղոթք բարձրացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավերժության, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի արևշատության և անխռով գահակալության համար:
Սուրբ Պատարագի վերջում նախակրթարանի սաները եկեղեցու մերձակա տարածքում ծաղկեփնջեր հյուսեցին, և ի նշան տոնի ժողովրդական ավանդույթի, ծաղեպսակները նվիրեցին անցորդներին: