Երգչախմբի և նկարչական խմբակի հաշվետու միջոցառումը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, կայացավ ուսումնական տարվա վերջին միջոցառումը՝ երգչախմբի և նկարչական խմբակի հաշվետվությունը:
Դահլիճում ցուցադրված էին նկարչական խմբակի սաների ձեռքով, ուսուցչուհի՝ Աննա Կարապետյանի խորհուրդներով իրենց պատկերացրածը մատիտով և ջրաներկով թղթի վրա արտահայտած նկարները: Խմբակն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի, սակայն 5-10 տարեկան երեխաները արդեն ստեղծել են մի քանի տասնյակ նկարներ և ցուցադրվել տարբեր միջոցառումների ժամանակ: Ուրախալի է, որ խմբակի սաները մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Խաղաղություն» խորագրով փառատոն-մրցույթին և նրանցից Սուսաննա Ալթունյանի ու Ադելինա Մելիքյանի աշխատանքները արժանացան փառատոնի եզրափակիչ փուլի մրցանակներին:
«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը անդրադարձ կատարեց այն առաջընթացին, որ 2024-25 ուս. տարվա ընթացքում ձեռք են բերել «Սբ. Ներսես Շնորհալի» մանկապատանեկան համույթը խմբավար՝ Աիդա Բազոյան-Սուրմալյանի գլխավորությամբ, (դաշնակահար՝ Կարեն Միրզոյան), ժողովրդական գործիքների խմբակը՝ Իվանե Մկրտչյանի ղեկավարությամբ: Արժևորվեց երգչախմբի, դուդուկի խմբի և մենակատար Աիդա Բազոյան-Սուրմալյանի մասնակցությունը Վրաստանում անցկացված «Խալխուրի» (Ժողովրդական) երգի փառատոնին:
Տպավորիչ էին հաշվետու միջոցառմանը երգչախմբի, դուդուկի, դհոլի, դաշնամուրի և ջութակի կատարումներով հնչած դասական, ժողովրդական, հայրենասիրական և ազգագրական երգն ու երաժշտությունը՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն:
Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրենը դահլիճ հրավիրեց այն երիտասարդներին, ովքեր մանուկ հասակում ոտք դնելով նախակրթարան, շարունակում են հավատարմորեն ներգրավված լինել «Հայարտուն» կենտրոնի գործունեությանը՝ անդամագրվելով երգի համույթին, պարային, ժամանակակից արվեստի և մյուս գործող խմբակներին, և շարունակում են կապը այս հաստատության հետ: Կենտրոնի տնօրենը նրանցից յուրաքանչյուրին փոխանցեց Թեմի առաջնորդի օրհնությամբ «Հայարտուն» կենտրոնի շնորհակալագրեր և կրծքանշաններ:
Իրենց տպավորություններով կիսվեցին թեմի լրատվական բաժնի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը, նախակրթարանի նախկին ուսուցչուհի Լալա Գևորգյանը, ժողովրդական գործիքների խմբի ղեկավար՝ Իվանե Մկրտչյանը, ովքեր հպարտությամբ նշեցին, որ կանգնած են եղել «Հայարտուն» կենտրոնի ստեղծման ակունքների մոտ: