Материалы

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում նշվեց Սբ. Աստվածածնի վերափոխման տոնը և կատարվեց խաչքարի օծման արարողություն

2025 թվականի օգոստոսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սբ. Աստվածամոր Վերափոխման տոնը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված ամենահին տոնը: Աստվածամոր տոնը Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում նշանավորվեց Սբ. Պատարագներով և խաղողօրհնության կարգով:

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց  Թեմակալ  առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս  Դավթյանը:

Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Տիրամոր մեծ Առաքելության, նրա ննջման և Հարության, Վերափոխման մասին, կարևորեց Հայ Եկեղեցու տածած սերը Սբ.Մարիամ Աստվածածնի հանդեպ, անդրադարձ կատարեց մայր և որդի հարաբերություններին, հորդորեց անաղարտ պահել ընտանեկան սրբությունը, մայրական սերն ու որդիական նվիրվածությունը: Թեմակալ առաջնորդը շնորհավորեց ներկաներին, հատկապես  մայրերին և Մարիամներին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով:

Ս. Պատարագի ավարտին, Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց խաղաղօրհնության խորհրդին, մեկնաբանեց խաղողը՝ որպես մարդու նկարագիր, իսկ խաղողի կապը  արմատներով հողին՝ համեմատեց  հավատքին ու Եկեղեցուն հավատացյալների կապվածության հետ: Եկեղեցու խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր արարողություն:1

Տոնական օրը դարձավ նաև պատմական: Հավարտ Սուրբ Պատարագի  Թբիլիսիի կենտրոնական ու հայաշատ Հավլաբար թաղամասում հպարտորեն վեր խոյացող  1805 թվականի կառույց  Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի ձեռամբ և հոգևորաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց  նորահիմն խաչքարի սրբազնագույն  մյուռոնով օծման արարողություն:   Զարդանախշերով փորագրված և Սբ. Սարգիս զորավարի պատկերով խաչքարը նվիրվեց Սուրբ Էջմիածին եկեղեցու հիմնադրման 220-ամյակին: Խաչքարի  տեղադրումը իրականացվել է  թբիլիսահայ բարերարի կողմից:  

Նորաօծ խաչքարի բացման կապակցությամբ  Գրշ.  Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը    շնորհավորեց ներկաներին, անդրադարձ կատարեց խաչքարի խորհրդին և իր գնահատանքը հայտնեց  բարերարին եկեղեցանվեր գործի համար:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge