Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերաօծվեց Սբ. Կարապետ եկեղեցին
2025 թվականի նոյեմբերի 13-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերանորոգումից հետո վերաօծվեց Սուրբ Կարապետ եկեղեցին:
Հինավուրց, բայց հիմնովին վերանորոգված եկեղեցու վերաօծումն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի մասնակցությամբ: Վերանորոգության աշխատանքներն իրականացվել են եկեղեցասեր հայորդի Արայիկ Հակոբյանի բարերարությամբ:
Վերաօծման Սրբազան արարողությանը ներկա էին տարածաշրջանի հայոց եկեղեցիների հոգևոր հայրեր և եկեղեցու ծառայողներ:
Եկեղեցու Դռնբացեքի արարողությունից հետո Տեր Արմաշ քհն․ Պողոսյանն ու Տեր Թադեոս քհն․ Տեր-Մկրտչյանը ջրով ու գինով լվացին եկեղեցու Սուրբ Խորանը, Մկրտության ավազանն ու 16 սյուները, որից հետո Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը Սրբալույս Մյուռոնով կատարեց եկեղեցու վերաօծումը։
Թեմակալ առաջնորդը օրհնության իր խոսքում շնորհավորեց գանձացիներին վերանորոգված և առավել գեղեցկացած եկեղեցում այսուհետև աղոթք բարձրացնելու, ծիսական արարողություններին մասնակցելու և ժողովրդական հոգևոր ավանդական միջոցառումներ անցկացնելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ծնունդով գանձացի, ներկայումս ռուսաստանաբնակ բարերարի նվիրական մոտեցումն իր հավատքին և եկեղեցուն, Սրբազան հայրը ընթերցեց Օրհնության Գիրը, որը փոխանցեց Արայիկ Հակոբյանին:
Հավարտ արարողության հյուրերը Սբ. Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Գևորգ քհն. Ասատրյանի ուղեկցությամբ այցելեցին հայ գրականության մեծ քնարերգու Վահան Տերյանի տուն-թանգարանը:
Գանձա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1859 թվականին տեղացի հայերի աջակցությամբ և ջանքերով՝ Գրիգոր քահանայի (Վահան Տերյանի պապի) ղեկավարությամբ։ Այն սրբատաշ քարերով կառուցված գմբեթավոր եկեղեցի է և իր ճարտարապետական կառուցվածքով համարվում է շրջանի գեղեցկատես եկեղեցիներից մեկը: Եկեղեցին եղել է գործող և մշտապես ծառայել է համայնքի հոգևոր կարիքներին:
Հայերեն
ქართული
English
Русский 



