Տարեվերջի միջոցառումը՝ Ամանորյա տոնահանդես
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կայացավ Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ամանորյա տոնահանդեսը: Նախակրթարանի ուսուցիչների և ծնողների ջանքերով ու երևակայությամբ զարդարված դահլիճը իսկական ձմեռային տեսք էր ստացել, որտեղ կենդանիներ և եղևնիներ հիշեցնող շորերով պճնված նախակրթարանի սաները սպասում էին Ձմեռ պապին, ով գալու էր նվերներով և ավետելու էր նոր՝ 2026 թվականի մեկնարկը: Բայց մինչ այդ նրանք պետք է իրենց ելույթներով և գեղեցիկ խաղով արժանանային Ձմեռ պապի գովեստին:
Տոնականորեն զարդարված դահլիճում տեղեր էին զբաղեցրել արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը, Թեմի աշխատակիցները, փոքրիկների ծնողները, տատիկներն ու պապիկները:
Տերունական աղոթքից հետո Վիրահայոց թեմի կրթության բաժնի ղեկավար և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը փոխանցեց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները, կարևորեց Թեմակալ առաջնորդի ուշադրությունն ու հոգացությունը նախակրթարանի և սաների նկատմամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց բոլոր այն ծնողներին, ովքեր ընտրել են հայոց մանկապարտեզն ու երեխաների հայեցի դաստիարակությունը:
Ու հաջորդեցին միմյանց փոքրիկների հայերեն խոսքը, ուրախ երգն ու պարը, ասմունքը, հանելուկները: Երեխաների ճիշտ վարվելակերպը, վարժ արտասանությունը, գեղեցիկ երգն ու պարը դարձան այն բանի վկայությունը, որ նախակրթարանն իր գործունեության մեջ ընտրել է զարգացման ճիշտ ուղի:
Տպավորիչ էր փոքրիկների մասնակցությամբ «Պալատիկ» հեքիաթի բեմականացումը: Տարբեր կենդանիների կերպարանքով ու խաղով այն ընկերասիրության, բարեկամության, ուրախ տրամադրությամբ ամանորը դիմավորելու գեղեցիկ դրվագ:
Փոքրիկների ելույթներից գոհունակությունը չթաքցրեց անակնկալ ներկայացած Ձմեռ պապը, ով քաջալերելով երեխաների հիանալի դերակատարությունն ու ելույթները, նրանց ուրախացրեց ամանորյա նվերներով:
Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի ուսուցչական կազմը, ծնողները և սաները տոնական տրամադրությամբ հրաժեշտ տվեցին անցնող 2025 թվականին, նոր՝ 2026 թվականը գոտեպնդված, նոր եռանդով և բարձր տրամադրությամբ դիմավորելու ակնկալիքով:
Հայերեն
ქართული
English
Русский 

