Материалы

Գոհաբանական մաղթանք և Նռնօրհնեք Վիրահայոց թեմի եկեղեցիներում

2025 թվականի դեկտեմբերի 31-ին Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեց տարեմուտի վերջին եկեղեցական կարգը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված օրհնության նոր կարգի համաձայն, անցնող տարին ավարտվում և Նոր տարին սկսվում է նռնօրնեքի արարողությամբ:

Թբիլիսիի  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում  հոգևոր դասի բոլոր անդամների մասնակցությամբ և հավատացյալ հոտի ներկայությամբ տեղի ունեցավ Ժամերգություն և Գոհաբանական մաղթանք:

Հավարտ հոգևոր արարողության Եկեղեցու սպասավորներ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը և արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը  հավուր պատշաճի  խոսեցին նռնօրհնեքի խորհրդի մասին բացատրելով, որ հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի  և առատության իմաստը:

 Հոգևոր հայրերը բացատրեցին նաև Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նռան՝ Հիսուս Քրիստոսի հեղած արյան խորհրդապատկեր լինելը, հավելելով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված մեկ Եկեղեցու մեջ:

Հավատացյալները օրհնված նռներով, ամանորյա տոնական տրամադրությամբ վերադարձան իրենց տները:

Գոհաբանական աղոթքով և նռնօրհնեքի արարողությամբ ավարտվեց հին տարին Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge