Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ:
Վիրահայոց Թեմի բոլոր գործող եկեղեցիներում առաջին տաղավար տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով:
Վաղ առավոտից հավատացյալները ընտանիքներով, տոնական բարձր տրամադրությամբ շտապում էին Հայոց Եկեղեցի՝ ներկա գտնվելու Սրբազան Պատարագին:
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու պատարագիչն էր արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:
Հընթացս Սբ. Պատարագի եկեղեցիներում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով և տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածահայտնության ավետիսը:
Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն, Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու խաչի կնքահայր վերստին դարձավ եկեղեցասեր և արժանավոր հայորդի Արկադի Հովակիմյանը, իսկ Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու խաչի կնքահայր դառնալու պատիվը շնորհվեց եկեղեցասեր Խաչատուր Տեր-Բալյանին:
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով տոնական Սուրբ և անմահ Պատարագներ մատուցվեցին և ջրօրհնեքի արարողություններ կատարվեցին Բաթումի Սուրբ Փրկիչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում և հարակից գյուղերում,
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ.
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի,
Ձեզ և Մեզ մեծ Ավետիս:
Հայերեն
ქართული
English
Русский 

