Քահանայական կոչում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագների
2026 թվականի մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գրշ. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։
Քահանայական կոչման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ, որոնցից մեկը Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանն էր: Քահանայական ձեռնադրությունից և օծումից հետո Արտակ սարկավագը վերանվանվեց Տեր Անանիա քահանա Անտոնյան:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը, հոգևորականաց և սարկավագաց դասը, աշխարհիկ աշխատակազմը և թեմի բազում հավատացյալներ ու քրիստոնեական կրոնի հետևորդներ շնորհավորում են Տեր Անանիա քահանա Անտոնյանին քահանայական ձեռնադրության և օծման արժանանալու առթիվ և մաղթում բազում տարիներ նվիրումով, սիրով, պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ իրականացնելու Աստծուն սպասավորելու քահանայական ծառայությունը:
Հայերեն
ქართული
English
Русский 
