Վիրահայոց թեմի պատվիրակությունը այցելեց Մառնեուլիի շրջանի սահմանամերձ հայաբնակ գյուղեր
2026 թվականի մայիսի 8-ին, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները, թեմի պատվիրակությունը արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի, «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի և իրավական հարցերի բաժնի պատասխանատու Միքայել Ավագյանի կազմով, ուղևորվեց Մառնեուլիի շրջանի սահմանամերձ հայաբնակ գյուղեր:
Առաջին կանգառը Գյուլիբաղ գյուղն էր, որտեղ հյուրերին դիմավորեց տեղի հանրային դպրոցի տնօրեն Արեգնազ Ղարիբյանը: Դպրոցում շրջայց կատարելուց հետո թեմի ներկայացուցիչները ծանոթացան կրթօջախի հաջողություններին, զրուցեցին մանկավարժների հետ, հետաքրքրվեցին տարբեր կրթական միջոցառումներին աշակերտների մասնակցությամբ:
Վիրահայոց թեմի ներկայացուցիչները այցելեցին նաև գյուղի Սուրբ խաչ մատուռը, այսպես կոչված «Պապի խաչը»: Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը խոստացավ անհրաժեշտության դեպքում գյուղում ընդհանրական մկրտություն անցկացնել, ինչպես նաև կատարել որոշ եկեղեցական ծեսեր և արարողություններ:
Պատվիրակության անդամները Գյուլիբաղի բնակիչ Յուրի Չատինյանի ուղեկցությամբ ճանապարհը շարունակեցին դեպի նույնպես սահմանամերձ Բրդաձոր գյուղը: Գյուղն ամայացող է, ունի ընդամենը 12 ծուխ: Առկա են խնդիրները, որոնք կապված են իրավական փաստաթղթերի ձևակերպման, գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող դժվարությունների հետ:
Ասենք, որ դատարկվող գյուղում դպրոցահասակ երեխաներ չկան, բացակայում են կենցաղային նվազագույն պայմանները, փոխարենը գերակշռում են կիսաքանդ ու դատարկ տները: Դպրոցի և գյուղի բուժկետի մասին մտածելն անգամ ավելորդ է: Գյուղի ներկայիս վիճակը իսկապես մտահոգիչ է ու աղերսալի, ինչը վկայում է մի քանի տարում իսպառ դատարկվելու մասին: Երբեմնի բարգավաճ և մարդաշատ գյուղը զարթոնք է ապրում սոսկ ամառային ամիսներին, երբ նախկին բնակիչները այնուամենանիվ այցելում են ծննդավայը՝ անտառի գրկում ծվարած, առօրյա թոհուբոհից կտրված գեղատեսիլ այս վայրը: Հյուրերը գյուղում մնացած ընտանիքներին բաժանեցին տարբեր մթերքներ պարունակող զատկական նվերներ:
Պատվիրակությունը մտադիր էր ճանապարհը շարունակել դեպի Ղուդրո գյուղ, սակայն անանցանելի ճանապարհի պատճառով որոշվեց հարմար մեքենայով այցելել անտառի փեշին գտնվող այդ երբեմնի ծաղկող և բարեկարգ բնակավայրը, որը նույնպես գտնվում է մարման եզրին և սոսկ պահպանվել են միջնադարյան ամրոցի և եկեղեցիների ավերակները:
Հայերեն
ქართული
English
Русский 
