Материалы

Մեծ Հաղթանակի տարեդարձին նվիրված «Մարտական եղբայրություն» վավերագրական ֆիլմի ցուցադրություն

2026 թվականի մայիսի 10-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ  Գարիկ Մաշկարյանի «Մարտական եղբայրություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառումը նվիրված էր Մեծ Հաղթանակի 81- րդ տարեդարձին: 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ողջույնի խոսքից  հետո ֆիլմի մասին ներածականով հանդես եկավ հատուկ այդ առիթով Երևանից ժամանած կինոնկարի պրոդյուսեր և վարող, գրող, ռեժիսոր, դերասան և լրագրող Ռուբեն Փաշինյանը:

Հայրենական մեծ պատերազմի  պատմության էջերը հագեցած են այն հերոսների անուններով, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին, ժողովուրդների ազատագրական պայքարին:  Սակայն եղել են նաև հայ և այլազգի նվիրյալներ, ովքեր մարտնչել են հերոսաբար, բայց  նրանցից շատերի անունները մնացել են հասարակության համար անհայտ,  նրանց  հերոսությունը չի հանրայնացվել ու մատնվել է մոռացության:

Ահա այդ նպատակով ռեժիսոր Գարիկ Մաշկարյանը  և պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը ձեռնամուխ են եղել վավերագրական ֆիլմերի միջոցով անհայտ հերոսներին  դարձնել հասարակությանը ճանաչելի, մոռացության փոշուց դուրս բերել  և նրանց հիշատակը հանձնել սերունդներին: Այդպիսին էր «Մարտական եղբայրություն» ֆիլմաշարի անդրանիկ վավերագրական ֆիլմը, որը նվիրված է կործանիչ օդաչու և Խորհրդային Միության հերոս Վազգեն Օգանեսովի հիշատակին:  

Ֆիլմը հագեցած է  պատմական դրվագներով,   հերոսական գործողությունների վկայությամբ,  որոնք  ֆիլմի հերոսը իրականացրել է պատերազմական տարիներին իր մասնակցությամբ, և որոնք հաստատվում են նաև  ընտանիքի անդամների հուշերով, փաստագրական նյութերով: Վավերագրական ֆիլմում բացահայտվում է 1945 թվականի գարնանը Բեռլինից Հիտլերին տարհանելու փորձը խափանող գործողությունը: Տեսաֆիլմը հայազգի հերոս Վազգեն Օգանեսովի անունը դարձնում է հիրավի անմոռանալի և հպարտության արժանի:

Ռեժիսոր Գարիկ Մաշկալյանի և պրոդյուսեր Ռուբեն ,Փաշինյանի խոսքերով, ակնկալվում է ֆիլմաշարը դարձնել շարունակական և  հաջորդ կինոնկարը նվիրել Խորհրդային Միության հերոս օդաչու Դավիթ Մերկվիլաձեի հիշատակին:  Ռուբեն Փաշինյանը ֆիլմի ավարտին և կարծիքների փոխանակումից հետո հատվածներ ընթերցեց իր «Ապրիորի» ժողովածուում զետեղված գողտրիկ ստեղծագործությունեերից:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge