Մեծ Հաղթանակի տարեդարձին նվիրված «Մարտական եղբայրություն» վավերագրական ֆիլմի ցուցադրություն
2026 թվականի մայիսի 10-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Գարիկ Մաշկարյանի «Մարտական եղբայրություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառումը նվիրված էր Մեծ Հաղթանակի 81- րդ տարեդարձին:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ողջույնի խոսքից հետո ֆիլմի մասին ներածականով հանդես եկավ հատուկ այդ առիթով Երևանից ժամանած կինոնկարի պրոդյուսեր և վարող, գրող, ռեժիսոր, դերասան և լրագրող Ռուբեն Փաշինյանը:
Հայրենական մեծ պատերազմի պատմության էջերը հագեցած են այն հերոսների անուններով, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին, ժողովուրդների ազատագրական պայքարին: Սակայն եղել են նաև հայ և այլազգի նվիրյալներ, ովքեր մարտնչել են հերոսաբար, բայց նրանցից շատերի անունները մնացել են հասարակության համար անհայտ, նրանց հերոսությունը չի հանրայնացվել ու մատնվել է մոռացության:
Ահա այդ նպատակով ռեժիսոր Գարիկ Մաշկարյանը և պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը ձեռնամուխ են եղել վավերագրական ֆիլմերի միջոցով անհայտ հերոսներին դարձնել հասարակությանը ճանաչելի, մոռացության փոշուց դուրս բերել և նրանց հիշատակը հանձնել սերունդներին: Այդպիսին էր «Մարտական եղբայրություն» ֆիլմաշարի անդրանիկ վավերագրական ֆիլմը, որը նվիրված է կործանիչ օդաչու և Խորհրդային Միության հերոս Վազգեն Օգանեսովի հիշատակին:
Ֆիլմը հագեցած է պատմական դրվագներով, հերոսական գործողությունների վկայությամբ, որոնք ֆիլմի հերոսը իրականացրել է պատերազմական տարիներին իր մասնակցությամբ, և որոնք հաստատվում են նաև ընտանիքի անդամների հուշերով, փաստագրական նյութերով: Վավերագրական ֆիլմում բացահայտվում է 1945 թվականի գարնանը Բեռլինից Հիտլերին տարհանելու փորձը խափանող գործողությունը: Տեսաֆիլմը հայազգի հերոս Վազգեն Օգանեսովի անունը դարձնում է հիրավի անմոռանալի և հպարտության արժանի:
Ռեժիսոր Գարիկ Մաշկալյանի և պրոդյուսեր Ռուբեն ,Փաշինյանի խոսքերով, ակնկալվում է ֆիլմաշարը դարձնել շարունակական և հաջորդ կինոնկարը նվիրել Խորհրդային Միության հերոս օդաչու Դավիթ Մերկվիլաձեի հիշատակին: Ռուբեն Փաշինյանը ֆիլմի ավարտին և կարծիքների փոխանակումից հետո հատվածներ ընթերցեց իր «Ապրիորի» ժողովածուում զետեղված գողտրիկ ստեղծագործությունեերից:
Հայերեն
ქართული
English
Русский 
