«Բաթումիի պատկերումը» լուսանկարչական ցուցահանդես «Հայարտուն» կենտրոնում
2026 թվականի մայիսի 17-ին, Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրը Վիրահայոց թեմում նշանավորվեց «Հայարտուն» կենտրոնում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ բաթումահայ վաստակավոր լուսանկարիչ, «Լուսանկարիչների արվեստի միության» նախագահ Սեյրան Բարոյանի ցուցահանդեսով: Այն նվիրված էր նրա սիրելի տիկնոջ՝ Իրինա Բարոյան-Յանդյանի ողբերգական վախճանի հիշատակին:
«Հայարտուն» կենտրոնը զարդարված էր մեծավարպետ լուսանկարչի գեղարվեստական վարպետությամբ, պահի և հայացքի ճիշտ ընտրությամբ և հմտորեն անմահացրած աշխատանքներով, որոնք խոսուն են, ընկալելի և գաղափարապես դաստիարակչական: Լուսանկարները պատմական անդրադարձ էր Աջարիայի, Բաթումիի և տեղի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կյանքին: Լուսանկարները ակամայից տեղափոխում էին պատմության գիրկը, բացահայտում կերպարի ներաշխարհն ու հոգու էությունը:
Ցուցահանդեսը ողջույնի խոսքով բացեց «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քահանա Գումբալյանը, խոսելով Սեյրան Բարոյանի ստեղծագործական ուղու մասին, կարևորեց նրա՝ որպես նվիրյալ հայի տեսակը, իր ծննդավայրի իրատեսական պատկերմանը, հայոց եկեղեցուն նվիրվածությունը:
Սուրբ փրկիչ եկեղեցու վերաօծման հուշերով ելույթ ունեցավ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Երախտագիտության իր խոսքում Սեյրան Բարոյանը շնորհակալություն հայտնեց թբիլիսահայ հասարակությանը իր աշխատանքները ներկայացնելու համար:
Օրհնության իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը գնահատանքի խոսքեր ուղղեց Սեյրան Բարոյանի գործունեությանը Հայ համայնքին և Սբ. Փրկիչ եկեղեցուն և բարձրաձայնեց վաստակաշատ լուսանկարչին Օրհնության և Գնահատանքի գրի արժանացնելու մասին:
Սեյրան Բարոյանը Վիրահայոց թեմի առաջնորդին և Վան Բայբուրթյանին նվիրեց իր աշխատանքներից:
Հայերեն
ქართული
English
Русский 

