Материалы

«Բաթումիի պատկերումը» լուսանկարչական ցուցահանդես «Հայարտուն» կենտրոնում

2026 թվականի մայիսի 17-ին,   Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրը Վիրահայոց թեմում նշանավորվեց  «Հայարտուն» կենտրոնում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ բաթումահայ վաստակավոր լուսանկարիչ, «Լուսանկարիչների արվեստի միության» նախագահ Սեյրան Բարոյանի ցուցահանդեսով: Այն   նվիրված էր նրա սիրելի տիկնոջ՝ Իրինա Բարոյան-Յանդյանի ողբերգական վախճանի հիշատակին:

«Հայարտուն» կենտրոնը զարդարված էր մեծավարպետ լուսանկարչի գեղարվեստական վարպետությամբ, պահի և հայացքի ճիշտ ընտրությամբ և հմտորեն անմահացրած աշխատանքներով, որոնք խոսուն են, ընկալելի և գաղափարապես դաստիարակչական: Լուսանկարները պատմական անդրադարձ էր Աջարիայի, Բաթումիի  և  տեղի հայ համայնքի հոգևոր և  աշխարհիկ կյանքին: Լուսանկարները ակամայից տեղափոխում էին պատմության գիրկը, բացահայտում կերպարի  ներաշխարհն ու հոգու էությունը:

Ցուցահանդեսը  ողջույնի խոսքով բացեց  «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քահանա Գումբալյանը, խոսելով Սեյրան Բարոյանի ստեղծագործական ուղու մասին, կարևորեց նրա՝ որպես նվիրյալ հայի տեսակը,  իր ծննդավայրի իրատեսական պատկերմանը, հայոց եկեղեցուն նվիրվածությունը:  

Սուրբ փրկիչ եկեղեցու  վերաօծման  հուշերով ելույթ ունեցավ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Երախտագիտության իր խոսքում Սեյրան Բարոյանը շնորհակալություն հայտնեց թբիլիսահայ հասարակությանը իր աշխատանքները ներկայացնելու համար: 

Օրհնության իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ.  Տեր Կիրակոս եպս. Դավթյանը  գնահատանքի խոսքեր ուղղեց  Սեյրան Բարոյանի գործունեությանը Հայ համայնքին և Սբ. Փրկիչ եկեղեցուն  և բարձրաձայնեց վաստակաշատ լուսանկարչին  Օրհնության և Գնահատանքի գրի արժանացնելու մասին:

Սեյրան Բարոյանը Վիրահայոց թեմի առաջնորդին և Վան Բայբուրթյանին նվիրեց իր  աշխատանքներից:

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge